Global Media Lab մարքեթինգային ընկերությունը հերթական անգամ նախաձեռնել էր իր մեծամասշտաբ՝ «Ինչպես դառնալ բրենդ աշխատաշուկայում» խորագրով թրեյնինգը, որի գլխավոր հովանավորն էր International Media Holding-ը:

 

Միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 28-ին Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրի՝ տարածաշրջանի ամենամեծ կոնֆերանս սրահում: Թրեյնինգը նվիրված էր հայ երիտասարդների շրջանում արդի հիմնախնդիր համարվող հայկական և արտերկրյա աշխատաշուկայում պատշաճ ներկայանալու սխալներին, թերություններին և ոչ գործնական մոտեցումներին: Թրեյնինգին մասնակցեց ՀՀ տարբեր բուհերում սովորող ավելի քան 600 ուսանող:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նախագծի գլխավոր հովանավոր International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը: Պարոն Վարդանյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, որոնք երիտասարդների համար ստեղծում են հարթակներ ինքնադրսևորվելու, սովորելու և սեփական ունակություններն ի ցույց դնելու համար:

 

Հաջորդը ելույթ ունեցավ «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Շատունցը, ով ներկայացրեց իրենց կազմակերպության գրանցած հաջողությունների գաղտնիքը և պատմեց Global Media Lab-ի հետ համագործակցության մասին:


Golden Palace հյուրանոցային համալիրի փոխտնօրեն Արշամ Շահբազյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ միջոցառման մասնակիցներն առաջինն են, ովքեր հնարավորություն ունեցան՝ ներկա գտնվելու տարածաշրջանում իր տեխնիկական հնարավորություններով և չափերով նմանը չունեցող այդ շքեղ սրահում:

 

Միջոցառման ժամանակ քննարկվեց երկու հիմնական թեմա:

 

Նախագծի հեղինակ, Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանն իր ելույթում ներկայացրեց աշխատանք գտնելու արդի խնդիրների լուծման տարբերակներ, խոսեց CV գրելու ամենատարածված սխալների մասին և առաջարկեց կրեատիվ լուծումներ, ինչպես նաև աշխատաշուկայում բրենդ դառնալու համար անհրաժեշտ միջոցները, հնարքները և պահանջները:

 

Հաջորդիվ ծրագրային ելույթներով հանդես եկան «Մասթեր պլյուս» լեզվի և բիզնեսի միջազգային դպրոցի ղեկավար Լիանա Աչիկյանը և Աշխեն Մանուկյանը: Նրանք ներկայացրին արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ և տեղեկացրին գործող ծրագրերի առանձնահատկությունների մասին:

 

Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Ծաղկաձորում գտնվող Կեչառիս վանական համալիր:

 

Տունդարձի ճանապարհին մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին թրեյնինգի ժամանակ ստացած գիտելիքները, փորձը և դրա արդիականությունը՝ ներկայացնելով սեփական պատկերացումներն ու առաջարկները: