International Media Holding-ի թիմը՝ հիմնադիր Արման Վարդանյանի նախաձեռնությամբ, եռօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր:
Այցի շրջանակներում IMH ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել արցախյան զորամասերում ծառայող ժամկետային զինծառայողների, կամավորների և ԶՈՒ հրամանատարական կազմի հետ:
IMH հիմնադիր Արման Վարդանյանը հանդիպումների ժամանակ նշել է հետևյալը. «Յուրաքանչյուր հայ զինվոր իսկական հերոս է՝ ունակ շարունակելու իր հերոս պապերի ու հայրերի հաղթական գործերը: Հայ ժողովուրդն իր հերթին ապացուցեց, որ պատրաստ է ամեն վայրկյան պաշտպանելու իր զավակներին: Մեր թիմը մեծապես կարևորում է այն աջակցությունը, որը ցուցաբերվում է Արցախին՝ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից: Աննախադեպ է հայ ազգի համախմբվածությունը, մարտական ոգին և պատրաստակամությունը՝ աջակցելու և զորավիգ լինելու հայկական բանակին: Սահմանին կանգնած զինվորը և Արցախի բնակչությունը կարող է համոզված լինել, որ միայնակ չէ՝ թշնամու հրոսակախմբի առջև, քանի որ թիկունքում կա հզոր ուժ՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը»:
Այցի ընթացքում IMH թիմն ականատեսն է եղել, որ շնորհիվ հզոր հայկական բանակի և փորձառու կամավոր ազատամարտիկների՝ այսօր մեր երկրի սահմաններն ամուր են և ամբողջական, իսկ մարտական ոգին՝ բարձր և անկոտրում: