Հարգելի՛ պ-ն Զաքարյան, խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին.

1. ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ. գործունեության ծրագրով նախատեսվո՞ւմ է արդյոք ստուգումներ իրականացնել Սպորտի և երիտասարդության նախարարությունում: Եթե այո, ապա ստուգումներն ընդգրկելո՞ւ են արդյոք սպորտի բնագավառում նախարարության իրականացրած ծրագրերը՝ հաշվի առնելով, որ 2009թ. Ձեր ստուգումները վերաբերել են նախարարության՝ ընդամենը երիտասարդությանը վերաբերող ծրագրերին:

2. Եթե Վերահսկիչ պալատը չի պատրաստվում ստուգումներ իրականացնել սպորտի ասպարեզում, ասացեք խնդրեմ՝ ինչո՞վ է դա պայմանավորված՝ հաշվի առնելով տարիներ շարունակ այս ոլորտի բարձիթողի վիճակը և հենց դրանով պայմանավորված տարաբնույթ խոսակցությունները: Մասնավորապես, հիմնավորվա՞ծ են արդյոք խոսակցություններն առ այն, որ սպորտի շրջանցումը պայմանավորված է Ձեր և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններով: Եվ եթե այս տարի ևս դարձյալ պատրաստվում եք շրջանցել այս ոլորտը, մտավախություն չունե՞ք, որ արդեն ավելի քան լուրջ կասկածներ եք կուտակում Ձեր պրոֆեսիոնալիզմի և անաչառության հաշվով:

3. Ձեր կայքում տեղադրված փաստաթղթերը ինչո՞ւ լիարժեք չեն: Ձեր իրական հաշվետվությունների փոխարեն ինչո՞ւ եք կայքում տեղադրում դրանց կիսատ-պռատ, թռուցիկ ծանոթությունները: 2012թ. տարեկան հաշվետվությունն էլ չկա, թեև արդեն 2013թ.-ի մեջ ենք:

4. 2009, 2010թթ.-ին ՀՀ Վերահսկիչ պալատը քիչ թե շատ ակտիվ էր գործում, հնարավորինս փորձում էր հրապարակայնություն դրսևորել, Ձեր ասուլիսներին շատերն էին սրտի թրթիռով սպասում, ինչը անհնար է ասել վերջին մեկ-երկու տարվա վերաբերյալ: ՎՊ հաշվետվություններն արդեն ընկալվում են ընդամենը ձևական, այնքան որ «ստուգած լինելու» համատեքստում: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ սա մարտավարության փոփոխությա՞ն հետևանք է, ՎՊ-ն որոշել է դառնալ փակ կառույց և չլուսաբանե՞լ իրականացրած աշխատանքները՝ լրագրողներին էլ տեղյակ չպահել դրանց, թե՞ պարզապես իրականում արդարացված են խոսակցություններն առ այն, որ ՎՊ-ում արդեն անգործություն է տիրում և, ըստ էության, ասելու ոչինչ չկա, դրա համար էլ ակտիվություն չեք դրսևորում:

5. Ի՞նչ մակարդակի վրա են Վերահսկիչ պալատ - Գլխավոր դատախազություն փոխհարաբերությունները, կարողանո՞ւմ եք ինչպես հարկն է համագործակցել՝ հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազությունն անգամ հրապարակայնորեն մեղադրեց ՎՊ-ին՝ իր ուսումնասիրություններին ընթացք տալու մեջ շահագրգռություն չցուցաբերելու և դատախազությանը նյութեր տրամադրելու հարցում խիստ վերապահ վարքագիծ դրսևորելու մեջ:

6. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում Դուք հանրապետությունից ամենաշատ բացակայող պաշտոնյաների ցանկում եք: Խոսքը անձնական բնույթի ճամփորդություններին չի վերաբերում, այլ Ձեր կայքում տեղադրված պաշտոնական այցերին: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Լուսինե Կեսոյան