ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեցին Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարություններում Վերահսկիչ պալատի 2013 թվականին արված ուսումնասիրության արդյունքները:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունում ուսումնասիրվել է չորս ուղղություն:

 

«Այսօր գյուղատնտեսության նախարարության գնումների հետ կապված խնդիրների մասին չենք խոսի՝ չնայած ես ուզում եմ տեղյակ պահել, որ գնումների հետ կապված, նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի իրավիճակը բավականին լավ է: Հաջորդ խնդիրը, որի մասին մենք խոսելու ենք, տոհմային երինջների ձեռքբերման խնդիրն է: Այստեղ էլ պետք է համեմատության մեջ ասեմ, որ եթե 2010 թվականին տոհմային երինջների մեկ գլուխը ձեռք էր բերվել 1. 425. 000 դրամով, ապա դրանից հետո իջել է մինչև 1. 125. 000 հազար դրամ: Ակնհայտ երևում է գնման գործընթացում դրական տեղաշարժը»,- ասաց Զաքարյանը:

 

Վերջինս թվարկեց այն չորս խնդիրները, որոնք էլ հանձնաժողովում դրվեցին քննարկման՝ «Գյուղական ենթակառուցվածքներ» ծրագրի հետ կապված խնդիրները, ներդրումներ, ենթավարկեր ծրագիրը և չորրորդը՝ հայկական միրգը:

 

«ՎՊ-ն բոլոր հանձնաժողովներում առաջնորդվում է մեկ սկզբունքով: Մենք հրապարակում ենք փաստեր, եթե մեր հրապարակած փաստերի հետ կապված կա առարկություն, հենց հիմա տեղում պետք է ասել: ՎՊ-ի՝ 2013 թվականի տարեկան հաշվետվության մեջ բերված փաստերի առնչությամբ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, և այսօրվա իմ թվարկած չորսը ծրագրերի վրա էլ կան հարուցված քրեական գործեր և դրանց շրջանակներում էլ ամեն ինչ կպարզվի»,- ասաց Զաքարյանը: