«Ընդունել եմ բոլոր մեղադրանքներն առանց բացառության, քանի որ սպառնում էին որդուս գլխին գործ սարքել» նյութում ԳԱԼԱ-ն գրել էր, որ կփորձի կապ հաստատել ամբաստանյալ Շալունցի ընտանիքի անդամների և փաստաբանի հետ և պարզել Շալունցի դատական գործի հետ կապված այլ մանրամասներ: Հիշեցնենք, որ Շալունցին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոս ամսից մինչև 2012թ. փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնության գալով Արթուր Մովսիսյանի հետ զբաղվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ) մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով ափիոն և խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոցների ապօրինի ձեռք բերմամբ և Հայաստանում դրանց ապօրինի իրացմամբ: Սակայն Շալունցը դատաքննության ժամանակ հրաժարվել է նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից և հանդես եկել հայտարարությամբ, որ ընդունել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, որ որդու «գլխին գործ» չսարքեն:
Շալունցի կինը պատմում է, որ փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 02:30-ի սահմաններում ընտանիքի անդամներով, այդ թվում և Շալունցը, տանն են եղել, երբ Գորիսի ոստիկանության աշխատակիցները ներխուժել են իրենց բնակարան: «Ընդամենը մեկ անգամ թակեցին դուռը, ու մինչ մենք կհասցնեինք բացել այն, երևի թե ոտքով հարվածելու միջոցով կոտրեցին ու ներս մտան»,- պատմում է Շալունցի կինն ու հաստատում ամուսնու խոսքերն այն մասին, որ նրանք տուն մտնելիս չեն ունեցել ձերբակալման թույլտվության վկայական:
Այնուհետև, երբ Շալունցին և նրա որդուն ձերբակալել և տարել են ոստիկանություն, ոստիկանները չեն լքել բնակարանը, այլ մինչև հաջորդ օրը ժամը 18:00-ն մնացել են այնտեղ, ստիպել Շալունցի կնոջն ու մյուս որդուն անջատել հեռախոսները և ասել են, որ շուտով վեցերորդ վարչությունից ոստիկաններ պիտի գան' բնակարանը խուզարկելու:
Շալունցի հետ Գորիսի ոստիկանություն, ապա Երևանի 6-րդ վարչություն բերված նրա որդին' Գալուստ Շալունցը, պատմում է, որ 6-րդ վարչությունում ինքն ու հայրը կողք կողքի սենյակներում են եղել: Ոստիկանները իրեն ոչինչ չեն արել: «Միայն պարբերաբար բղավում էին, չնայած իրականում շատ հանգիստ էին, ու ասում' դե ասա, ինչո՞ւ ես կատարել այդ գողությունը»,- պատմում է Գալուստն ու ասում, որ այդ ժամանակ հասկացել է, որ իր վրա բղավում են, որ հայրը մտածի' «իր գլխին գործ են ուզում սարքել» ու ընդունի բոլոր այն մեղադրանքները, որ իրեն կառաջադրվեն:
Գալուստը պատմում է, որ փետրվարի 13-ին ժամը 01:00-ի սահմաններում իրեն տարել են նարկոլոգիական կլինիկա, մազի և մեզի փորձանմուշներ վերցրել, սակայն դա հաստատող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել իրեն, որ ստորագրի:
Նարկոլոգիական կլինիկայից Գալուստին նորից տարել են վեցերորդ վարչություն, ապա ազատ արձակել և ասել'« մենք հորդ խոստացել ենք, որ քեզ ազատ կթողնենք»:
ԳԱԼԱ-ն զրուցեց նաև Շալունցի փաստաբան Սամվել Հովհաննիսյանի հետ, ով ասում է, որ գործով անցնող անձիք բոլորն էլ միաբերան նշել են դատարանում և նախաքննության ժամանակ, որ թմրադեղը իրենց տվել է Կարո անունով անձը, և գումարն էլ տվել են նրան, որ իրենք Լևոն Շալունցին դիմել են միայն այն պատճառով, որ օգնի իրենց Կարոյից թմրադեղ վերցնել։ Սակայն նախաքննական մարմինը չի իրականացրել համապատասխան միջոցառումներ' Կարոյին հայտնաբերելու, հարցաքննելու համար' որպես գործով կարևոր անձ:
Փաստաբանի համար տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ տանը նստած մարդուն ձերբակալում են ու նրա վրա մաքսանենգության հոդված դնում:
Սամվել Հովհաննիսյանը նշում է նաև, որ ոստիկանությունում փոխել են Շալունցին և նրա որդուն բերման ենթարկելու ժամերը և դրանք հարմարեցրել այնպես, որ սահմանված 72 ժամի շրջանակներում տեղավորվի նրանց նկատմամբ կատարած գործողությունները: Նա դատարանում ներկայացրեց և հիմնավորեց, որ Լևոն Շալունցին ապօրինի են պահել կալանքի տակ, քանի արդեն լրացած է եղել նրա արգելանքի տակ գտնվելու 72 ժամը, սակայն դատարանը անտեսելով այդ հանգամանքը՝ նրա նկատմամբ կիրառել է կալանք:
Հովհաննիսյանը նշում է, որ դատարանում և՛ Լևոն Շալունցը, և՛ Արթուր Մովսիսյանը ցուցմունքներ են տվել, որ 6-րդ վարչության նախկին աշխատակից և վարչության պետ Լևոն Խաչատրյանը իրենց մի քանի անգամ թմրադեղ է տվել օգտագործելու, որ ցուցմունքներ գրեն:
Հովհաննիսյանը խոստացավ գործի հետ կապված նոր էական հանգամանքներ լինելու դեպքում տեղյակ պահել դրանց մասին:
Արաքս Մամուլյան