Lragir.am. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն պետք է հրաժարական ներկայացրած լիներ օֆշորային հայտնի պատմությունից հետո: Նոր մտածողությունից, մտածողության հեղափոխությունից, նոր քաղաքական մշակույթից խոսող գործչի համար դա կլիներ իսկապես արժանապատիվ քայլ եւ նաեւ սեփական հայտարարությունների արժեւորում: Մինչդեռ, օֆշորային սկանդալից հետո վարչապետն իրեն պահեց սովորական հայկական կրիմինալ-օլիգարխի պես՝ «սուխոյ ատկազ» կանգնելով: Բացի այդ, նրա քայլերն ու հայտարարություններն օֆշորային սկանդալի վերաբերյալ ծիծաղելի ստացվեցին ու ավելի խորացրին իրավիճակը: Օրինակ, դատախազությանը դիմելը, կամ Աշոտ Սուքիասյանի «մեղայականը»:
Վարչապետը հրաժարական չտվեց ու փորձեց հակահարված տալ նրանց, ովքեր իր դեմ արշավ են ծավալել: Իհարկե, նման «տնտեսական» բնույթի սկանդալը, այն էլ վարչապետի վերաբերյալ, չի կարող չունենալ քաղաքական ենթատեքստ եւ հետեւանքներ, եւ բնական է, որ այն դարձել է ներքաղաքական, եւ ավելի շատ՝ ներիշխանական պայքարի խթան:
Խորհրդարանում այն արտահայտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթներում, որոնք վերաբերում էին Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Դրանում խոսք էր գնում պետական փողի յուրացումների, չարաշահումների հսկայական ծավալների եւ կոռուպցիոն սխեմաների մասին: Հովիկ Աբրահամյանն այդ հաշվետվության սլաքներն ուղղեց վարչապետի կողմ, վերջինս էլ դիմեց հակաքայլերի. ֆինանսների նախարարությունը բացահայտեց պետական աջակցության ծրագրով վառելիքի մեծ քանակ, որն «իրենով էր արել» Հովիկ Աբրահամյանի տոհմը, եւ նաեւ ակնարկվեց, որ պետք է վեր հանվեն տարբեր տարիների գործերը:
Վարչապետը, միով բանիվ, հրաժարական չտվեց: Սակայն ակնհայտ է, որ օֆշորային սկանդալը, իր ներքին ու արտաքին կողմերով հանդերձ, ծանր վիճակի մեջ է դրել նրան, եւ այդ վիճակը խորանալու է պաշտոնին գտնվելու ողջ ընթացքում: Տիգրան Սարգսյանը կամ մինչեւ վերջ կառչելու է այդ պաշտոնից, ըստ այդմ համալրելով քրեաօլիգարխիկ համակարգի անպատժելիների շարքերը եւ վերջնականապես վերածվելով նրանցից մեկի, թեեւ ամեն կերպ իրեն փորձում էր հեռու պահել, կամ էլ կարող է օրինակ եւ նախադեպ հանդիսանալ բոլորի համար, չվախենալով հետեւանքներից եւ ներդնելով իսկապես նոր մշակույթը:
Բացի այդ, պատրաստվելով նման քայլի, վարչապետը կարող է իրեն մնացած ժամանակը, կիրառելով իր սահմանադրական լիազորությունները, օգտագործել՝ վեր հանելու բոլոր այն սխեմաները, որոնք սնուցում են հայկական քրեաօլիգարխիային ու նրա ձեւավորած «ինստիտուտներին»՝ սկսած հարկային-մաքսային ու բիզնես արտոնություններից, վերջացրած տեղեկատվական համակարգերով: Այս սխեմաների բացահայտման շնորհիվ կարելի է հաշվել պետությանը եւ պետական բյուջեին հասցված վնասները, ստվերային շրջանառությունները, բյուջե չվճարված հարկերի հանրագումարը տասնամյակների կտրվածքով: Բացի վեր հանելուց, այս ամենը պետք է դառնա իրավապահների լուրջ քննության առարկա, եւ պետք է հետամուտ լինել՝ տրամաբանական ավարտին հասցնելու բոլոր հանգամանքները, որոնց շնորհիվ բյուջե կվերադարձվեն հսկայական գումարներ, կվերականգնվեն այն մարդկանց իրավունքները, որոնց այս տարիների ընթացքում քրեաօլիգարխիան զրկել է սեփականությունից ու բիզնեսից:
Հրաժարական տալուց առաջ, սա կլիներ վարչապետ Տիգրան Սարգսյանի իրական ներդրումը հայկական պետականության կառուցման գործում, եւ ամենամեծ հեղափոխությունը՝ թե մտածողության, թե կոռուպցիայի դեմ պայքարի, թե համակարգային այլ առումներով:
Հեռանալուց առաջ, նա կարող է ջարդել արատավոր օլիգարխիկ-բիզնես համակարգը. նա կորցնելու ոչինչ չունի, եւ ավելին՝ ունի դրա բոլոր հիմքերը, սահմանադրական լիազորությունները եւ ամենակարեւորը՝ պարտավորությունը հանրության առաջ:
Հայկ Արամյան