ԳԱԼԱ. Սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ օֆշորային սկանդալը ստեղծվել է Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարի համբավը արատավորելու համար: Այս մասին սոցիոլոգը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ և կարծիք հայտնեց, որ եթե Տիգրան Սարգսյանը չլիներ, ապա ոչ մի միջազգային կառույց Հայաստանի հետ ֆինանսական խոշոր գործարքներ չէր անի :

Բացի այդ, Ահարոնյանը նշեց նաև, որ Հայաստանում հազարավոր Տիգրան Սարգսյան անունով մարդիկ կան: Դրան ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ եթե անգամ Հայաստանում հազարավոր Տիգրան Սարգսյաններ կան, ապա Աշոտ Սուքիասյանը հստակություն է մտցրել և հայտնել, որ նշված օֆշորային գոտում հաշվեհամարը բացված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով: Բացի այդ, «Հետք»-ը փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն' Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի և Աշոտ Սուքիասյանի անվամբ բացվել է օֆշորային կազմակերպություն, դրա վրա փոխանցվել են գումարներ: Իսկ Տիգրան Սարգսյանի չիմացությամբ չէր կարող մեծ գումարներ փոխանցվել: Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի այն հայտարարությանը, թե իբր ինքն է բացել հաշվեհամարը և ուղղակի գրանցել է Տիգրան Սարգսյանի և Կճոյանի անունով, որ իր բիզնեսին ձեռք չտան, Սաֆարյանը զարմացավ, թե ինչու Սարգսյանը դատի չի տալիս Սուքիասյանին՝ իր բարի համբավը արատավորելու համար:

Սաֆարյանի համար ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանում այսպիսի սկանդալի մեջ հայտնվելով' բարձրաստիճան պաշտոնյան ու, որ ավելի զավեշտալի է, բարձրաստիճան հոգևորականը հրաժարական չեն տալիս: Նա նաև նշեց, որ եթե պետական գործչին օֆշորային սկանդալի մեջ ներգրավվելը նրան վնասելու և նրա բարի համբավը արատավորելու նպատակ ունենար, ապա հաստատ Հայաստանն այս առումով առաջինը չէր լինի, և օրինակ՝ թալիբներն էլ Բարաք Օբամայի անունը կփորձեին արատավորել՝ նրան օֆշորային բիզնեսի մեջ ներգրավվելով:

Սաֆարյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանին վերջին շրջանում, կարծես թե, այնքան էլ չեն անհանգստացնում տարբեր պետական պաշտոնյաների ունեցվածքային բացահայտումները և կես կատակ-կես լուրջ նշեց, որ նա մտածում է՝ ինչու պիտի միայն իր ունեցվածքի մասին խոսեն, իսկ մյուսներն անմեղ թվան հասարակությանը:

Արաքս Մամուլյան