Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը բավարար է, սակայն դեռ շարունակում է մնալ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին գնդապետը դուրս կգրվի:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանը Կենտրոնական կլինիկական հոսպիտալից դեռ չի տեղափոխվել Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն:

Հրաչյա Սարգսյանի տեղափոխումը Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն իրականցվելու է նրա հետագա բուժումն այնտեղ ստանալու նպատակով:

Սակայն դեռ 10 օր առաջ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հրաչիկ Սարգսյանի փաստաթղթերը պատրաստ են, սակայն Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնից դեռ համապատասխան արձագանք չէր եղել: «Եվ չնայած նրան, որ Հրաչիկ Սարգսյանի ձախ կողմը պարալիզացված է, նրա վիճակը բավարար է, իսկ վերականգնողական պրոցեսը երկար ժամանակ կպահանջի»,- նշել էր Արամ Ասատուրյանը: