Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Դերասանին այլ բաժանմունք չեն տեղափոխի, առաջիկա երկու օրերին միանգամից դուրս կգրեն եւ տուն կգնա: Վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը, մոտ մեկ շաբաթ առաջ է դուրս գրվել հիվանդանոցից:
Վթարի հետեւանքով բազմաթիվ կոտրվածքներ ստացած եւ մի քանի վիրահատությունների ենթարկված Տաթեւ Հակոբյանը շարունակում է գտնվել «Արմենիա» բժշկական կենտրոնի Վիրաբուժական բաժանմունքում:
Հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:
Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Այդ հոդվածով սահմանվում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ' պատժվում է ազատազրկմամբ' 4-10 տարի ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը 3 տարի ժամկետով: