"Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ": Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը' խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մասին, որտեղ նախագահը խիստ գնահատականներ տվեց Վերահսկիչ պալատի վերջին հայտարարություններին:
''Ես հայտնել եմ իմ կարծիքը, տպավորությունը հաշվետվության ներկայացման գործընթացի հետ կապված”,-նշեց Աբրահամյանը 'ի պատասխան հարցի, թե իր գնահատականներն ավելի կոշտ էին, քան նախագահինը: Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ին և հենց ԱԺ նախագահին դժվար օրեր են սպասվում, քանի որ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու եւ խոսելու նրանց պահվածքի մասին, նա արձագանքեց. "Այսօր ես կարծիք չեմ ուզում հայտնել, սպասենք": Այս մասին գրում է Henaran.am-ը:
Հարցին, թե չի կարծում, որ զրույցը շատ կոշտ է լինելու, պատասխանեց. “Ոչ, դուք միշտ կոշտացնում եք ձեր տեսակետը”: ԱԺ նախագահն ասաց, որ չի զղջում իր արած գնահատականների համար: Ավելին, այսօր էլ նույնը կկրկներ: Հարցին, թե իր կարծիքով' ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ճիշտ գնահատականներ է հնչեցրել հաշվետվության վերաբերյալ, Աբրահամյանը պատասխանեց.
“Մենք, օգտվելով մեր իրավունքից, հաշվետվությունն ուղարկել ենք գլխավոր դատախազություն եւ դատախազությունը կտա իր պատասխանը”: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ կրկնեց, որ ինքը ներկայացրել է իր տպավորությունները հաշվետվության վերաբերյալ եւ քանի որ այդ տպավորությունը, այդ գնահատականները պետք է հիմնավորվեն, հանձնարարական է տվել հաշվետվությունն ուղարկել գլխավոր դատախազություն:
“Հարկավոր է այնպես անել, որ բյուջեի գումարները ծախսվեն արդյունավետ”,- սա է անհանգստացնում ԱԺ նախագահին:
Մանրամասները' տեսանյութում: