Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օրենսդիր և գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

 

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը վետերաններին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում վետերանների ներդրումը, քանի որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, և միշտ էլ մեծ հարգանքի ենք արժանացնելու նրանց: Մենք՝ իշխանություններս, պարտավոր ենք հարգել նրանց անցած ճանապարհը: Հպարտանում ենք նրանցով և ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք: Որքան էլ նրանց հարգենք, աջակցենք, միևնույն է, քիչ է լինելու»:

 

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը պատասխանել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ հարցադրմանը՝ վարչապետն ասել է. «Ծրագրում իրականացվող փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու, աշխատելու ենք, որ այն լինի հնարավորինս իրատեսական: Մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ չեմ ակնկալում, քանի որ հիմա քննարկման փուլում է: Բայց նորից եմ ցանկանում ասել, որ ծրագրում հստակեցվելու են բոլոր դրույթները, և իմ նպատակն է, որպեսզի այն, ինչ ծրագրում արտացոլվի, իրականացվի: Ես կառավարության բոլոր անդամների առջև խնդիր եմ դրել, որ ծրագիրը համապատասխան նախարարն ըստ ոլորտի պետք է իրականացնի, եթե ոչ՝ մենք ճանապարհ չունենք անցնելու, և դա լինելու է սկզբունքային:

 

Մենք այսօր այլևս դանդաղելու հնարավորություն չունենք, պետք է փորձենք հնարավորինս մեր ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Իհարկե, բոլորին է հասկանալի, որ դա միանգամից չենք կարող անել, բայց հստակ պետք է լինի ժամանակ և ծրագիր: Հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրն այս ժամկետում է և կիրականացվի: Դա է ինձ համար ամենակարևորը»:

 

Պատասխանելով իշխանության հանդեպ հանրային վստահության վերականգնման հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է.«Իհարկե, գտնում եմ, որ կա անվստահության մթնոլորտ, և մենք փորձելու ենք մեր իրատեսական ծրագրերով, քայլերով և ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Ունենք նաև մեծ խնդիր տնտեսական ոլորտում. տ նտեսական աճը մեր երկրի, կառավարության համար պետք է լինի առաջնահերթ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա և տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են: Իհարկե, դժվար է լինելու, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլընտրանք չունենք, դա պետք է բոլորը հասկանան, այդ թվում՝ իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու, ու դա ինձ համար լինելու է սկզբունքային»:

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, այդ առնչությամբ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Այդ խնդիրը պետք է լուծվի երեք՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա»:

 

Իսկ ՀՀ նոր կառավարության կադրային քաղաքականությանը վերաբերող հարցին Հովիկ Աբրահամյանը հետևյալ կերպ է արձագանքել. «Կառավարության ձևավորման համար ինձ համար եղել է մեկ հստակ սկզբունք, որ բոլորը պետք է լինեն փորձառու: Մենք ժամանակ չունենք դանդաղելու, մեր խնդիրները պետք է լինեն հստակ ձևակերպված և առաջ գնան: Նախարարներին հնարավորություն ենք տվել, որպեսզի աշխատեն և կարողանան հայրենիքին, ժողովրդին ինչ-որ կերպ, իրենց գործունեությամբ, աշխատանքով աջակցել: Բազմաթիվ խոսակցություններ, գնահատականներ են լինելու, բայց ես պետք է խնդրեմ չշտապեք, հնարավորություն տաք մեզ: Ես միշտ հաշվի եմ նստելու հանրության կարծիքի հետ, և շատ թափանցիկ ենք աշխատելու»:

 

Զինվորական հանդիսավոր շքերթը դիտելուց հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին, զրուցել նրանց հետ, մաղթել քաջառողջություն: