ԱԺ-ում տեղի ունեցող համաեվրոպական խորհրդաժողովի ամբիոնից Հայաստանին «ցեղասպանության» և ագրեսոր լինելու մեջ մեդադրած Աուրելիա Գրիգորիուն երեկ օրվա երկրորդ կեսին արդեն մեկնել է Հայաաստանից: Նա սկզբում ճամպրուկով նստած սպասելիս է եղել «Անի պլազա» հյուրանոցի սպասասրահում, բայց հետո, երբ պատվիրակության անդամներին օդանավակայան տանող մեքենան մոտեցել է, տիկինը մյուս անդամներից որոշել է առանձնանալ, մեքենա չբարձրանալ, այլ վերադառնալ համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Անի պլազա» հյուրանոցի ընդունարանից:

Ընդունարանի աշխատակիցը հայտնեց, որ մոլդովացի փաստաբանն արդեն մեկնել է, իսկ մանրամասների համար առաջարկեց կապվել իրենց անվտանգության բաժնի հետ: Հյուրանոցի անվտանգության աշխատակից Սաշա Իլյինը որոշ մանրամասներ ներկայացրեց.

«Լուսաբացի մոտ էր, մենք ֆոյեում էինք, ինքը չամադանով «լռված էր», սպասում էր: Մի մեքենա մոտեցավ, որով բոլորը գնացին, ինքը չնստեց ու վերադարձավ համար»:

Սաշա Իլյինը հավելեց, որ տիկնոջ համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ հյուրանոցի անվտանգությունը չի իրականացրել: Այլ մանրամասների անվտանգության աշխատակիցը չէր տիրապետում, քանի որ, ըստ նրա, հեռու է կանգնած եղել, բայց հավաստիացրեց, որ, ինչպես և պետք է լիներ, «տիկնոջ ոտքն ու ձեռքը» տեղն էր, ու նա բոլորովին վախեցած տեսք չուներ:

Նշենք, որ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ «Ֆեյսբուքի» իր էջում գրառել էր. «Ժող, էն մոլդովական ծյոծյան մնացել ա Երեւան, կարծես թե, ու թատրոն ա սկսել, յանիմ իրան հյուրանոցի համարից դուրս չեն թողնում ու ուզում են սպանել։ Քաղաքում որ դրան տենաք, մի հատ հեռախոսով չըխք արեք ։

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, Աուրելիա Գրիգորիուն երեկ ժամը 12:06-ին հանձնել է իր սենյակը և Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդեքս Պրունարիուի և մեր երկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ լքել հյուրանոցն ու մեկնել անհայտ ուղղությամբ: