Ելնելով այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում, դժվար թե կարողանանք այն կոչել «Ապահով Հայաստան»: Այսօր կրիմինալն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիների վրա, քան, ասենք թե, ոստիկանությունը: Օրինակ, ոստիկանությունը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում Երևանի ավտոկայանում:
«Նորագյուղցի Բոգո» կոչվող ինչ-որ կիսագողական կարողանում է իր «լայն» ազդեցությամբ կամ թիկունքում հզոր ուժ ունենալով՝ ճնշել ավտոկայանում տաքսիների վարորդներին, ովքեր ապահովում են Երևան -Մարտունի, Երևան -Ստեփանակերտ երթուղին և այլ կարևոր ուղղություններ: Պարզվում է՝ Նորագյուղցի Բոգոն ստիպում է տաքսու վարորդներին ամեն մի ուղևորափոխադրումից որոշակի գումար հատկացնել իրեն: Փաստորեն, վարորդները ոչ թե օրենքով սահմանված կարգով են հարկվում, այլ՝ գողականով:
Մեկ ուղևորափոխադրումից վարորդները պարտավորվում են մեկ անձի համար 1000 դրամ վճարել։ Եկեք հաշվենք, թե ինչքան գումար կարող է աշխատել մեկ ամսում Նորագյուղցի Բոգոն խեղճ ու կրակ վարորդների աշխատանքի հաշվին:
Տաքսու վարորդը մեկ ուղերթի ժամանակ տանում է 4 ուղևոր։ Եթե համարենք, որ օրական տեղի է ունենում 100 փոխադրում (մենք հասկանում ենք, որ սա մինիմալ թիվ ենք նշում), կնշանակի՝ անօրինականորեն ամսական 12մլն դրամի չափ գումար են գանձում տաքսու վարորդից:
Երբ այս ամենի մասին տեղեկացա, շտապեցի ավտոկայան՝ տեղում պարզելու, թե ինչ է կատարվում: Պետք է նկատել, որ վախի մթնոլորտն այնքան մեծ էր, որ վարորդները խուսափում էին զրուցել։ Սակայն ուզում էին, որպեսզի անուղղակիորեն այս մասին ինֆորմացիա տարածվի, ու համապատասխան մարմինները կարողանան հարցին լուծում տալ:
Երկու օր շարունակ ավտոկայանում հարց ու փորձից հետո համոզվեցի, որ իրապես նման բան կա՝ վարորդները ճնշված են. անտեղի գումարներ են վճարում դամոկլյան սրի պես «գլխներին ճոճվող» մարդուն:
Վարորդներից մեկին, ում անունը, բնականաբար, չեմ հրապարակի, հարցրի, թե ինչպես են կատարվում այդ վճարումները։ Ցույց տվեց մի քանիսին, ովքեր այնտեղ կանգնած՝ տարածքն էին վերահսկում, որպեսզի հանկարծ մեկն ու մեկը չհամարձակվի Նորագյուղցի Բոգոյին «փայ չհանել».
«Ամբողջ օրը էս վտանգավոր ճամփեքով քշում ենք՝ արևին, անձրևին, ձյանը, ու բերում տալիս ենք իրանց։ Իմ էրէխե՞ն ա հիմա կարևոր, թե՞ Բոգոն: Ես հույս չունեմ։ Ոչ մեկն էլ չեն կարողանում էս հարցը լուծել։ Ընենց թիկունք ունի. ո՞վ կարա ասի՝ քեզ փող չեմ տա. մի վայրկյան ավել չի կարա մնա ստեղ, չեն թողի աշխատենք: Դե մենք էլ սրանով ենք փող աշխատում, մեր ընտանիքները պահում։ Ասե՛ք, բա սրա վերջը ո՞նց ա լինելու: Ինձ թվում ա՝ ինքն էլ իրանից թափովներին ա մուծում. թե չէ ո՞նց կթողեին էտքան փող իրանով անի: Ասում են ՝ իրա ետևում էլ Սամվել Ալեքսանյանն ա կանգնած. դրա համար էլ կարողանում ա «բեսպրիդել» էս քաղաքում ապրի»:
Վախվորած հազիվ օրվա հացը վաստակող վարորդները չէին ցանկանում երկու բառ ասել. չէ՞ որ այդ կերպ նրանց հետ «այդքան էլ լավ չէին վարվի»:
Դժվար է պատկերացնել, որ նրանց քթի տակ այսքան «ռեկետ անողի» մասին տեղեկություններ չունենան։ Իհա՛րկե գիտեն։ Պարզապես «ցանկություն չունեն» պատժել զոռբայությամբ փող աշխատողներին:
Իմիջիայլոց, հրապարակումը ոստիկանությունը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագոծության մասին և ընթացք տալ այս գործին: Գուցե այդ կերպ կկարողանանք օգնել այն մարդկանց, ովքեր այս պահին չեն կարողանում դեմ կանգնել ինչ-որ «կիսակրիմինալի»:
Նելլի Ավետիսյան