Lragir.am. Այն, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, ովքեր կարող են հայերի հանդեպ Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային ստորությունը արդարացնելու հարցում գերազանցել Մոսկվայի սպասելիքները, այդքան էլ զարմանալի չէ: Ի վերջո, ոչինչ նոր չէ: Բայց ահա այն, որ Հայաստանում կարող է մեկնարկել արդեն ոչ թե Ռուսաստանի զենքի վաճառքի, այլ արդեն հայերի դեմ պատերազմի նախաձեռնության «փաստաբանությունը», երեւի հաճելի անակնկալ է նույնիսկ Մոսկվայի համար:
Կամ միգուցե Մոսկվան Հայաստանն ու հնարավորություններն ավելի լավ գիտե, քան ինքներս մեզ: Չէ որ Վարդան Օսկանյանն էր օրինակ հայտարարում, թե Լավրովը գուցե Ղարաբաղի կարգավորման մասին ավելի շատ բան գիտե, քան մենք: Ընդ որում, արտգործնախարարի հայտարարությունից գրեթե ոչ ոք ըստ էության չզարմացավ, համենայն դեպս հասարակության, եւ ժամանակի փորձագիտական հանրույթի մեծ մասը: Բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանը մեզ վերաբերող հարցին ավելի շատ է տեղյակ, քան մենք:
Այդ դեպքում զարմանալու ոչինչ իսկապես չկա, որ Հայաստանում կգտնվեն արդարացնողների եւ հիմնավորողների հոծ շարքեր, որոնք առավոտյան թերթերում կհիմնավորեն դիրքերում ռուսական տանկերի երեկոյան ներխուժումը Արցախ: Կամ գուցե երեկոյան կհիմնավորեն առավոտյան կայանալիք ներխուժումը: Այդպես ավելի լավ կլինի, որովհետեւ, քանի որ ռուսները մեզ վերաբերող գործերի մասին ավելին գիտեն, քան մենք ինքներս, լավ կլինի, եթե հարձակման մասին ինչ որ կերպ տեղեկացնեն նախապես՝ գոնե մեկ գիշեր լինի պատրաստվելու համար:
Իրականում, իհարկե, գլխավոր խնդիրը խուճապն է: Երեւի թե ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանը Արեւմուտքի հետ Հայաստանի խորացող հարաբերությունը կանխելու համար կդիմի նույնիսկ պատերազմի եւ կօգնի ադրբեջանցիներին վերականգնել «պատմական արդարությունը»: Ի վերջո, ռուսներն ունեն հայերի հանդեպ թուրքական հաղթանակներ ապահովելու հարուստ փորձ: Բայց Ռուսաստանը պատերազմ չի սանձազերծի, քանի դեռ չի ապահովել բավարար խուճապ Հայաստանում եւ Արցախում: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ձեռնամուխ է եղել հենց դրան, անցնելով բոլոր անհրաժեշտ փուլերով:
Նախ ապահովվում է խուճապի սոցիալական հիմքը՝ տնտեսական ճնշումների, արտագաղթի շնորհիվ: Հետո ապահովվում է խուճապի հոգեբանական հենքը՝ արդարացնելով Հայաստանի իշխանության «արեւմտամետ» քաղաքականությունը արցախյան նոր պատերազմով պատժելու Ռուսաստանի «իրավունքը»:
Սոցիալ-հոգեբանական հիմնավորումից հետո, Մոսկվան անկասկած կտա Բաքվին պատերազմ սկսելու հրամանը: Չի բացառվում նույնիսկ, որ Ադրբեջանին վաճառված զենքը սկսի կրակել անգամ Ալիեւից անկախ: Համենայնդեպս, Ղարաբաղյան պատերազմում նման նախադեպեր եղել են բազմաթիվ անգամ:
Իրականում, Ռուսաստանին իհարկե չի հետաքրքրում Հայաստանի Եվրաինտեգրումը: Մոսկվան հրաշալի հասկանում է, որ այստեղ ոչինչ ճակատագրական չէ իր համար: Ճակատագրական է մի բան՝ ակտիվացնել ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում, որովհետեւ ապակտիվ վիճակում այդ ներկայությունը ժամանակի ընթացքում կորցնելու է իր քաղաքական ՕԳԳ-ն: Իսկ այդ հարցում Հայաստանի իշխանության «արեւմտամետ» քաղաքականությունն ունի շատ փոքր նշանակություն, եւ հիմնական զարգացումները, որոնք իմաստազրկում են ռուսական զորական ներկայությունը Կովկասում՝ երբ այն ակտիվ չէ, Սիրիայի եւ Իրանի շուրջ զարգացումների խորքային միտումներն են:
Մոսկվան հրաշալի հասկանում է դա, եւ կգնա Հայաստանն Արեւմուտքի հետ հարաբերության սերտացման, թե չի գնա՝ Մոսկվայի համար պատերազմի հարցում էական նշանակություն չունի, որովհետեւ նրան ակտիվ զորք է պետք Հայաստանում եւ Արցախում: Ալ կերպ ասած, Մոսկվան իրականում դավաճանելու է Հայաստանին եւ խաբելու է Ադրբեջանին, որովհետեւ պատերազմի արդյունքում փոխվելու է ոչ թե ստատուս-քվոն, այլ ընդամենը դրա վարչարարությունը, որը սկսելու է իրականացնել Ռուսաստանը:
Այնպես որ, հավանական պատերազմի հեռանկարը պայմանավորված չէ Հայաստանի ու Եվրոպայի հարաբերության մակարդակով, եւ Մոսկվան այստեղ ընդամենը կարող է փորձել ձեռքի հետ օգտագործել այդ ամենը նաեւ տվյալ հարցի վրա ազդելու նպատակով:
Եթե անգամ Հայաստանը հիմա հայտարարի ոչ միայն Մաքսային միությանը, այլ հենց Ռուսաստանին անդամակցելու մասին, մոսկովյան «ուղեղային կենտրոնում» դա չի նվազեցնելու պատերազմի մշակումների ինտենսիվությունը, որովհետեւ Ռուսաստանի խնդիրը Հայաստանն իր ազդեցության գոտում պահելը չէ, այլ Ադրբեջանի առնվազն «20» տոկոսի վրա ազդեցություն հաստատելը, իսկ եթե ստացվի՝ նաեւ ավելիի: Այսինքն, հավանական պատերազմը նույնիսկ կարող է ավարտվել Ադրբեջանի պարտությամբ, բայց ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հաղթանակով:
Բայց Մոսկվային դեռ հարկավոր է նախապատրաստական փուլերն ավարտել հաջողությամբ, իսկ դա այդքան էլ հեշտ խնդիր չէ: Այլապես Մոսկվան նախապատրաստությունը չէր իրականացնի այդպես աղմուկով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ