Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկին հաշված ժամեր են մնացել: «Ծիրանից ծիրան» ապրող կինոսերները, որոնք 365 օր սպասել են իրադարձության մեկնարկին, անկասկած, հիասթափություն չեն ապրի. փառատոնն անակնկալներ է պատրաստել բոլոր կինոսերների համար: Եվ ոչ միայն բազմազան ու տարբերվող ֆիլմերի տեսքով…

 

«Արմենպրես»-ը ներկայացնում է հուլիսի 12-19-ն անցկացվող տասներկուերորդ կինոտոնի առանձնահատկությունները:

 

Մուտի, Կինսկի, Գեդիկյան…


Փառատոնի այս տարվա հյուրերի ցանկն աստղառատ է: Նախ՝ իտալացի կինոդիվա Օռնելա Մուտինիր ներկայությամբ կզարդարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Հայ հանդիսատեսին նա առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:

 

Նաստասյա Կինսկին նույնպես կլինի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից: Գերմանացի դերասանուհին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին' հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմում, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենաՆաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

 

Մեկ այլ անակնկալ՝ ֆրանսիահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանըկգլխավորի «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիկյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: Այդ ֆիլմով էլ կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Դե, իսկ փակման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Նամուսն» է: Ի դեպ, Գեդիգյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսից կստանա «Եղիցի լույս» մրցանակը:

 

Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան, իսկ լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին վարպետության դաս կանցկացնի:

 

Երևանյան պրեմիերաներ


Հայ կինոսերները հնարավորություն կունենան դիտել Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի» (Իրան, 2015), անվանի շվեդ ռեժիսոր Ռոյ ԱնդերսոնիՎենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» մրցանակակիր սև կատակերգությունը՝ «Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին» (Շվեդիա/Նորգեգիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2014) և ամերիկացի անկախ կինոգործիչ Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» (ԱՄՆ, 2014) ֆիլմերը:

 

Հայոց ցեղասպանության տարելից


Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ 12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում կլինեն թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»: Կցուցադրվեն մասնավորապես Ատոմ Էգոյանի «Արարատ», Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ», Հենրիկ Մալյանի «Նահապետ», Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» և բազմաթիվ այլ կինոնկարներ:

 

Հարգանքի տուրք


Այս տարի ևս «Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն' նվիրված Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին: Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լևոն Աթոյանցի նկարահանած «Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» (1988) ֆիլմերը:

 

Մրցութային ծրագիր


Փառատոնի մրցութային ծրագիրը բազմազան է: Այստեղ ևս յուրաքանչյուր կինոսեր իր ճաշակին համապատասխան ֆիլմ կգտի: Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն Միջազգային խաղարկային, 13-ը' Միջազգային վավերագրական, 17-ը' Հայկական համայնապատկեր, և 34-ը' «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է 26 երկիր:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին' «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր:

 

Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ՝ մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։