Երևանի քաղաքապետարանը ուղևորափոխադրում իրականացնող ավելի քան 35 ընկերություններից սակագնի վերանայման վերաբերյալ հայտ է ներկայացնել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա հերքեց տարածված այն լուրերը, թե երկուշաբթի օրվանից փոխադրավարձը թանկանալու է:
«Չկա նման բան»,-հայտարարեց ոլորոտի պատասխանատուն:
Հետաքրքրվեցինք, թե ընկերություններն ունե՞ն իրենց հաշվարկները, հիմնականում ի՞նչ սակագին են առաջարկում:
«Մեծամասնությունը գրել է. խնդրում ենք վերանայել, որովհետև անհնար է աշխատել»,-ասաց Հ. Նավասարդյանը:
Կան ընկերություններ, որոնք հստակ գին են սահմանել, դրանց վերաբերյալ վարչության պետը տվյալներ չհրապարակեց, բայց ընդգծեց. «Իրենց առաջարկով չէ, որ պետք է սահմանվի: Մենք տնտեսական հաշվարկ կկատարենք, ի մի կգանք ու մի գին կսահմանվի: Թե չէ որ թողնենք, ամեն մեկը մի գին կսահմանի, մեկը 100 կգրի, մեկը' 400»:
Առաջիկա օրերին հայտնի կլինեն հաշվարկների արդյունքները: