Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հայտարարությունը հասարակական տրանսպորտի ուղեվճարի թանկացման կապակցությամբ.
«Բարեւ Երեւան» խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում գործող իշխանությունների կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված թանկացման որոշման կապակցությամբ:
Պատահականություն չենք համարում, որ հակաժողովրդական այդ որոշումը կայացվել է ամառային արձակուրդների շրջանում, երբ ժողովրդի ներկայացուցչական մարմինները՝ Ազգային ժողովը, Երեւանի ավագանին, արձակուրդի մեջ են, եւ մինչեւ սեպտեմբեր հերթական նիստով դրանց արձագանքելու հնարավորություն չունեն:
Երեւանի քաղաքապետը անհաջող փորձ է կատարում ուղեվճարի թանկացման որոշումը հընթացս լեգիտիմացնել թեպետ կարեւոր, բայց ոչ առաջնային այնպիսի կոսմետիկ փոփոխությունների միջոցով, ինչպիսիք են՝ վարորդներին սափրել-հագցնելը, GPS համակարգի ներդրումը, «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից «ստուգայցերը»՝ իբրեւ թե ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով: Չհերքելով նման փոփոխությունների անհրաժեշտությունը՝ արձանագրում ենք, որ դրանք չեն հիմնավորում եւ արդարացնում ուղեվարձի՝ 50 դրամով թանկացումը:
«Բարեւ Երեւան» խմբակցությունը համոզված է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու եւ աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը եւ որում ներքաշված է Երեւանի քաղաքապետարանն ի դեմս «Երեւանտրանս» ՓԲԸ-ի:
Մասնավորապես.
1. տարիներ շարունակ ուղեւորափոխադրում կազմակերպող կազմակերպությունների հետ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կնքած պայմանագրերով յուրաքանչյուր փոխադրամիջոցից ամսական գանձվում է 16,500 դրամ՝ որպես չվացուցակների եւ չվերթերի վերահսկողության ու սպասարկման վարձավճար, այն դեպքում, երբ դա, ՀՀ կառավարության 2001թ. 762 որոշման համաձայն, իրականացվում է փոխադրողի կողմից,
2. սույն կազմակերպությունը յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար օրական եւս 300-500 դրամ է շորթում իր կողմից ներմուծված միջանկյալ՝ երրորդ ենթակարգավարի կողմից կեղծ չվացուցակներ «կնքելու» դիմաց. պետական մակարդակով այսպիսի բացահայտ դրամաշորթությունները առանց այդ էլ անհարկի բարձրացրել են հասարակական տրանսպորտի ուղեվարձը, եւ այժմ դրանք հանելով՝ քաղաքային իշխանությունները կարող էին խուսափել ուղեվարձի թանկացման որոշում կայացնելուց,
3. իշխանությունները կարող էին նաեւ դիտարկել ուղեւորափոխադրողներին հարկային արտոնություն տրամադրելու հարցը՝ նրանց ազատելով կամ էապես նվազեցնելով փոխադրամիջոցների համար սահմանված արտոնագրային վճարները, որոնք ներկա դրությամբ ամսական կազմում են 44.000 դրամ ավտոբուսների եւ 33.000 դրամ՝ միկրոավտոբուսների համար:
4. կառավարությունը կարող էր նաեւ դիտարկել հասարակական տրանսպորտի սուբսիդավորման կամ վառելիքի համար դոտացիա տրամադրելու հնարավորությունները:
Սակայն ո՛չ կենտրոնական, ո՛չ էլ քաղաքային իշխանությունները թվարկված որեւէ տարբերակ չքննարկեցին ու չդիտարկեցին, որպեսզի հասարակությունն ուղղակիորեն չզգա գազի գնի թանկացման հետեւանքները:
«Բարեւ Երեւան» խմբակցությունը.
Ա) իշխանություններից պահանջում է հանգամանալից հիմնավորում եւ հաշվարկ, թե ինչու պետք է ուղեվարձը թանկանա հենց 50 դրամով,
Բ) կոչ է անում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությանը, ԲՀԿ խմբակցությանը՝ համատեղ Երեւանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել հասարակական տրանսպորտի ուղեվարձի եւ ոլորտի անհապաղ արդիականացման օրակարգային հարցերով,
Գ) կոչ է անում Ազգային ժողովի մեծամասնությանն ու «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ խմբակցություններին՝ հրավիրել նույն օրակարգով ԱԺ արտահերթ նիստ եւ/կամ կազմակեպել խորհրդարանական լսումներ:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցություն
18 հուլիսի, 2013թ.
ք. Երեւան