Այսօր մայրաքաղաքի Սիմոն Վրացյան փողոցում՝ Դինամո մարզահամալիրի դիմաց, մոտ 250-ից ավելի բացօթյա առևտրով զբաղվողների և ոստիկանների միջև բանավեճ է տեղի ունեցել: Ոստիկանները պահանջել են, որպեսզի հնոտի իրերի առևտրով զբաղվող քաղաքացիները ազատեն նշված տարածքը, սակայն քաղաքացիները հայտնել են, որ իրենք արդեն երկար ժամանակ է ամեն շաբաթ և կիրակի օրերին նշված հատվածում զբաղվում են առևտրով, և դրա մասին տեղյակ են քաղաքային իշխանությունները, ովքեր թույլատրել են նրանց: Առևտրով զբաղվող քաղաքացիները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ եթե ցանկանային, ապա կարող էին թողնել, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը տվյալ վայրում:
Ըստ առևտրականների' սա իրենց ապրուստի միակ միջոցն է, իսկ քաղաքապետարանից արգելում են իրենց զբաղվել առևտրով: Վաճառականներից մի քանիսն իրենց ապրանքները շուտով տեղափոխելու են Վերնիսաժ կոչվող տարածք, սակայն մտավախություն ունեն, որ այդ վայրից ևս իրենց կվտարեն: «Մենք ծայրահեղ աղքատության մեջ ենք ապրում, եթե մարդը հին շոր, հին ապրանքներ է վաճառում կամ հնամաշ ապրանքներ, ուրեմն վերջին աղքատն է: Այսպես չի կարելի. ո´չ աշխատատեղ են տալիս, ո´չ թույլ են տալիս, որ մենք մեր օրվա հացի փողը կարողանանք վաստակել»,- մեզ հետ զրույցում դժգոհել են առևտրականները: Նրանց խոսքերով' իրենց առաջարկվել է քաղաքի կենտրոնական հատվածներում չփորձել առևտրով զբաղվել: «Քաղաքապետարանից ասում են, սիրուն չէ, որ էդ ապրանքները ստեղ եք բերել շարել, բայց ինչ անենք, մենք ուրիշ տեղ գնալ չենք կարող: Առանց այն էլ մենակ շաբաթ-կիրակի ենք կարողանում աշխատել, հազիվ 1000 դրամ փող ենք աշխատում,էդ էլ են ուզում կտրել»,- դժգոհել են քաղաքացիները:
Նրանք նշել են, որ մինչ այս խնդիրը երկար տարիներ առևտրով զբաղվել են Դինամո մարզահամալիրի մոտ, սակայն արդեն մեկ ամիս է' իրենց արգելում են հիշյալ վայրում ապրանքներ վաճառել: Առաջարկվել է տեղափոխվել ՀԱԹ, սակայն առևտրականները չեն համաձայնվել այն պատճառով, որ ծայրամասում այդ ապրանքները իրացնել չեն կարող: Բողոքի ակցիայի մասնակիցներին լսելու նպատակով տարածք էր եկել «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ առևտրականների հարցը երկուշաբթի կբարձրացնի անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ:
Փայլակ Ֆահրադյան