Արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանի կարծիքով՝ եթե Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հիմնականում պարտվում է, ապա պետք է դրանից եզրակացություն անել և կարգապահական պատասխանատվություն ենթարկել դատավորին։
Tert.am–ի հետ զրույցում Գևորգ Դանիելյանը կարծիք հայտնեց, որ, այս պարագայում դատավորը կարող է արդարանալ, որ ինքն առաջնորդվել է ազգային օրենքներով, որը հակասել է միջազգային կոնվենցիային, ինչը սակայն, ըստ նախկին նախարարի, համոզիչ չէ։
«Սա ոչ իրավաչափ մոտեցում է, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ նշվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերը գերակայում են (ՀՀ – Tert.am) օրենքներին, հետևաբար, դատավորը ևս, երբ տեսնում է, որ կա հակասություն միջազգային պայմանագրերի և օրենքների միջև՝ պարտավոր է առաջնորդվի միջազգային պայմանագրով։ Չի ղեկավարվել, ուրեմն խախտել է Սահմանադրությունը, ուրեմն՝ էլ ավելի վատ։ Պրոֆեսիոնալ դատավորի խնդիրն է կարողանալ սահմանազատել և ճիշտ որոշում կայացնել»,- ասաց նա:
Ըստ Գևորգ Դանիելյանի՝ հարցը նաև երկրորդ կողմ ունի։ «Ակնհայտ է, որ կա խախտում, երկրորդ կարծիք լինել չի կարող, այս ամենը, սակայն ինձ թվում է' կարող է լինել թույրըմբռնման հետևանք, և այդ դեպքում այդ խախտումը դժվար թե առաջացնի կարգապահական պատասխանատվություն։ Մի քանի լրացուցիչ հանգամանքներ են անհրաժեշտ, որպեսզի այդ կարգի խախտումները համարվեն հիմք կարգապահական պատասխանատվության համար։ Վերջին հաշվով սա հարց է, որը պետք է լուծի պետությունը, որը կոնկրետ անձի խախտումն է։ Բայց սա կարող է պայմանավորված լինել ոչ բավարար իրազեկվածության»,-ասաց նա և նշեց, որ գնահատականը պետք է լինի անհատական։
«Եթե ամեն ինչ արվել է, որպեսզի դատավորն ունենա իրազեկվածություն, այսինքն՝ վերապատրաստումների անցնի, դասընթացների, որոշակի քննության անցնելուց հետո արդեն կարելի է դատավորից պահանջել, բայց եթե այդ ամենը չի արվել և միայն ենթադրել, որ չի կարող խախտել՝ սխալ է»,-ասաց նա և ավելացրեց, որ դա միայն դատավորին չի վերաբերում, այլ նաև փորձագետներին, քննիչներին, փաստաբաններին։
Արդարադատության նախկին նախարարի խոսքով՝ ՄԻԵԴ–ում այսօր կա շուրջ 150 հազար դիմում, և այդ պատճառով էլ մեկ դիմումի քննարկումը տևում է 4-ից 5 տարի։ Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ հենց դրանով է պայմանավորված Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված դիմումների թվի նվազումը։
Գևորգ Դանիելյանը հիշեցրեց, որ հարցի կարգավորման համար իրենց մասնակցությամբ նույնպես ՄԻԵԴ-ին մի քանի առաջարկ է եղել, որոնք ըստ նրա՝ այդքան էլ իրատեսական չեն։ Նրա խոսքով՝ առաջարկել են, որ Հայաստանում դատավորների թիվը կրկնապատկեն, ինչին իրենք դեմ են եղել։
«Հասկանալի է, որ դատավորների կրկնապատկումը ոչ թե կկրճատի դիմումների քանակը, այլ դիմողները տեսնելով, որ հայցերն արագ են լուծում ստանում, ավելի շատ կդիմեն, ու նույն պատկերը կլինի։ Մենք դեմ գնացինք դրան»,-ասաց նա։
Գևորգ Դանիելյանը նաև նշեց, որ առաջարկ է եղել, որ ՄԻԵԴ-ում դիմումները քննության առնելու հարցը որոշի միայն մեկ դատավոր, ինչը նույնպես ըստ նրա, ճիշտ մոտեցում չէ, քանի որ ՄԻԵԴ-ը ինչ-որ տեղ քաղաքականացված է։
«Ցավոք, ՄԻԵԴ-ը ինչ-որ տեղ քաղաքականացված է, և թույլ տալ մի դատավոր ըստ վիճակահանության որոշի դիմումների քննությունը, այդքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չի, որովհետև դա կարող է լինել ազգությամբ թուրք դատավոր։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիաի և Ադրբեջանի դատավորները մշտապես քվեարկում են ընդդեմ Հայաստանի։ Այս դեպերը ցույց են տալիս, որ եթե դատարանը ամբողջությամբ քաղաքականացված չէ, ապա քաղաքականացման տարրեր ունի»,- ասաց նա և այլ օրինակ նույնպես բերեց։
«Նաև քաղաքականացված է այն պատճառով, որ միևնույն իրավիճակներում ՄԻԵԴ–ը նույն գործում տարբեր մոտեցումներ է ցուցաբերում։ Ես այդ հարցը ՄԻԵԴ-ի առջև դրեցի, իրենք ընդունեցին, բայց չհամարեցին դա որպես երկակի ստանդարտ, համարեցին, որ իսկապես մի դեպքում հաշվի են առնում տվյալ երկրի ռիսկային վիճակը, եթե երկրի զարգացած չէ, ավելի շատ հակվածություն կա խախտելու, ավելի խիստ մոտեցում է, իսկ եթե չկա՝ ավելի մեղմ։ Ինչքան էլ ուզում են ռիսկայնությունը գնահատել, միևնույնն է երկակի ստանդարտ է օգտագործվում»,- նշեց նա։
Ըստ Գևորգ Դանիելյանի՝ նույն այդ վճիռներից կարելի է եզրակացնել, թե Հայաստանը ինչ ռիսկայնության գոտում է գտնվում։ Նրա խոսքով՝ Հայաստանը հարևան Արբեջանը, Ռուսաստան, Բելոռուսիան բարձր ռիսկայնության գոտում են։