Այսօր Lurer.com-ը, հղում կատարելով իր սեփական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ անցած գիշեր իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն են բերման ենթարկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածին՝ Մարաշցի Արթուրին և նրան ուղեկցողներին։
Նշենք նաև, որ Մարաշցի Արթուրը եղել է «Բենթլի» մակնիշի իր ավտոմեքենայով, իսկ նրա ուղեկիցները՝ «Ջիպ» ավտոմեքենայով։ Ըստ ոստիկանության մեր աղբյուրների՝ նրանց ենթարկել են արյան մեջ թմրանյութերի առկայությունը վերհանող փորձաքննության, որը դրական արդյունք է ցույց տվել։
Ոստիկանությունը մեր ունեցած ինֆորմացիան հաստատել է.
«Հուլիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք նաև, որ Մարաշցի Արթուրը, ով ի դեպ Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանի որդին է, առաջին անգամը չէ, որ բերման է ենթարկվում ոստիկանական բաժանմունք։