Գյումրիում գործող թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, ստացել է իր տնօրինության տակ գործող աշխատակիցների՝ դաստիարակաների եւ դայակների աշխատավարձերը եւ անհետացել է: Այս մասին տեղեկացրել են մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք պնդում են, որ տնօրենին գտնել հնարավոր չէ, եւ հավանաբար նա արտագաղթել է երկրից՝ իր հետ տանելով նաեւ աշխատավարձերը:

Իսկ Գյումրու քաղաքապետարանից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ արդեն ծառայողական քննություն է սկսված, եւ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այդ մասին քաղաքապետարանին աշխատակիցները տեղյակ են պահել ուրբաթ օրը եւ այդ օրվանից տնօրենին գտնել չի հաջողվում նաեւ նրանց:

«Ահազանգեր եղել են, ծառայողական քննություն է սկսված, զանգում ենք՝ հնարավոր չէ նրան գտնել, խոսքը Գոհար Չիլինգարյանի մասին է՝ թիվ 16 մանկապարտեզի վարիչի, մանկապարտեզը Սեւյանի վրա է գտնվում: Բայց արել ենք այնպես, որ կրթական գործընթացը չխափանվի, հիմա էլ նորմալ իրա հունով աշխատում են,երեխաները գնում եմ մանկապարտեզ:

Քաղաքապետարանը ընդհանրապես մանկապարտեզի հաշվեհամարին է աշխատավարձային գումարը փոխանցում, տնօրենը, օգտվելով իր իրավունքից, բանկային գործարքի է գնացել, գումարը վերցրել է եւ անհետացել: Մեծ գումարի մասին է խոսքը»,-ասաց Արմեն Նախշքարյանը:

Քրիստինա Մկրտչյան