Առայժմ Գյումրու քաղաքապետարանին և ուժայիններին չի հաջողվում հայտնաբերել Գյումրիում գործող թիվ 16 մանկապարտեզի տնօրեն Գոհար Չիլինգարյանին, ով, ինչպես հայտնի է, ստացել էր իր տնօրինության տակ գործող աշխատակիցների՝ դաստիարակների և դայակների աշխատավարձերը և անհետացել: Այս մասին Գյումրու քաղաքապետարանին տեղեկացրել էին մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք ԳԱԼԱ-ի հետ զրույցում ևս օրեր առաջ պնդում էին, որ տնօրենին գտնել հնարավոր չէ, և հավանաբար նա արտագաղթել է երկրից՝ իր հետ տանելով նաև աշխատավարձերը: Գյումրու քաղաքապետարանից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ արդեն ծառայողական քննությունը փոխարինվել է նախաքննությամբ, և առայժմ ոստիկանները փորձում են հայտնաբերել, թե ուր է անհետացել մանկապարտեզի տնօրենը:
«Այս պահի դրությամբ նախաքննություն է սկսված, և քաղաքապետարանն այդ մասով անելիք չունի: Մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնում է մինչ այդ մանկապարտեզում որպես մեթոդիստ աշխատող Սյուզի Հարությունյանը: Ամեն ինչ նորմալ է կազմակերպչական հարցերով, կարող եք այցելել ինքներդ և համոզվել»,- փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Հավելենք նաև, որ այսուհետ Գյումրու քաղաքապետարանը մշակել է ծնողական վարձավճարները հավաքագրելու նոր եղանակ:
«Ծնողական վարձավճարները այսուհետ կատարվելու են բանկային փոխանցումների միջոցով: Նախկինում գումարը առձեռն էր հավաքվում, տալիս էին մանկապարտեզի տնօրենին կամ դաստիարակներին: Այս դեպքից հետո որոշվեց, որ փոխանցումը կատարվելու է բանկային եղանակով»:
Քրիստինա Մկրտչյան