2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ. Միլիտոնյանի ուղղությամբ: Միաժամանակ ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումներին' տեղեկացնում ենք, որ դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի նկատմամբ' ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու կամ դրա գործադրման սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Տեղեկացնում ենք, որ Ա.Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու ընթացքում իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ:
Մասնավորապես, 2012թ. մայիսի 3-ին, ապա 2012թ. օգոստոսի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ա.Պետրոսյանը կնոջ' Ա.Մախովայի օժանդակությամբ ձեռք է բերել զգալի չափի' ընդհանուր 14 դեպքով, խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր:
Ձեռք բերված թմրամիջոցը, քրեական գործի նյութերի համաձայն, նա իրացրել է տարբեր անձանց: Թմրամիջոցի հերթական խմբաքանակը Ա. Պետրոսյանը փորձել է ձեռք բերել 2012թ. օգոստոսի 21-ին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թվով 9 անձանց: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2012թ. դեկտեմբերի 27-ին: Դատաքննությունն արդեն ավարտվել է և մեղադրող դատախազի գնահատմամբ' ձեռք են բերվել բավարար ապացույցներ' Ա.Պետրոսյանին դատապարտելու համար, միջնորդելով նրա նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատազրկում' 15 տարի ժամկետով:
Տեղեկացնում ենք նաև, որ Ա.Պետրոսյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է' 11.11.1998թ. ՌԴ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով, 22.03.2006թ. Երևան քաղաքի Շենգավիթ դատարանի կողմից' ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով, 2007թ. ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից' ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով, 23.12.2011թ. Կոտայքի մարզի ըդհանուր իրավասության դատարանի կողմից' ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածով: Դատավածություններից երկուսը մարված են:
Քրեական գործով մեղադրվող 9 անձանցից մեկը ամբաստանյալ Ա.Պետրոսյանի կինն է' Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Ա. Մախովան: Նա մեղադրվում է «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելուն, պահելուն և իրացնելուն օժանդակելու մեջ: Ներկայումս սույն գործի շրջանակներում Ա. Մախովան գտնվում է նախնական կալանքի տակ: Մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել է Ա. Մախովային դատապարտել ազատազրկման' 10 տարի ժամկետով:
Ա.Մախովան ևս նախկինում մեկ անգամ դատապարտվել է ազատազրկման' 2010թվականին' ՀՀ քրեական օրենսգքրի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով' 9 ամիս ժամկետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժման' թմրամոլության դեմ: