«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ միջամտի Սիրիայում հակամարտության կարգավորմանը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ամհեդ Դավութօղլուն. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքերով' Սիրիայի հետ սահմանակից թուրքական գյուղերի ուղղությամբ հրաձգությունը ցույց է տալիս, որ իրավիճակն այդ երկրում վտանգ է ներկայացնում Թուրքիայի քաղաքացիների համար:

Նախարարը նաև հավելել է, որ ժամանակն է դադարեցնել Սիրիայում արնահեղությունը: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն դա չանի, ապա աշխարհի աչքին կկորցնի իր նշանակությունը:

Նշենք, որ չորեքշաբթի օրը թուրք-սիրիական սահմանին կատաղի մարտեր էին ընթացել «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական ճյուղի և արմատական «Նուսրայի ճակատ» կազմակերպության գրոհայինների միջև:

Տեղական իշխանությունները Թուրքիայի բնակիչներին խորհուրդ են տվել հեռու մնալ սահմանամերձ տարածքներից: