Քաղաքապետարանի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա, որն ուղղված է տրանսպորտի թանկացման մասին որոշմանը: Ի նշան բողոքի՝ քաղաքացիները նստել էին շենքի մոտ՝ աստիճաններին։
Ոստիկանները խոչընդոտում էին ակցիայի մասնակիցներից ցանկացածի մուտքը Քաղաքապետարան։ Նույն իրավիճակում հայտնվեցին նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Սանասարյանն ու Ստյոպա Սաֆարյանը։ Վերջիններիս մուտքը Քաղաքապետարան խոչընդոտում էին ոստիկանները։
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը նշեց, որ երբն ինքն հազիվ անցել է ոստիկանների կողքով և հասել մուտքի մոտ, այնտեղ կանգնած է եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, ով իրեն ասել է.
«Դու աշխատող չես, դու ավագանի ես, քո տեղն էլ ներքևում ա, իրանց հետ ես դու կանգնում»։
«Ես ասացի՝ իրանց հետ էլ կկանգնեմ, ներս էլ կմտնեմ։ Ու ինքն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման պահվածքով»,-ասաց Դավիթ Սանասարյանը։