Lragir.am. Կիրակնօրյա նոթեր
Սիրիայի ու Եգիպտոսի վերջին ամսվա իրադարձությունները խանգարեցին, որ արաբական աշխարհում կատարվող վերափոխությունների ավարտուն պատկեր ձևավորվի: Պատկեր, ըստ որի «արաբական գարունը» վերածվում էր «իսլամական աշնան»: Երկու երկրների ժողովուրդերը ցույց տվեցին, որ բռնապետների միահեծան իշխանության տասնամյակների ընթացքում չեն վերածվել մորթապաշտ ամբոխի:
Սիրիայում արաբական «նոր աշխարհակարգի» հաստատման դեմ դիմադրությունը համեմատաբար պարզ ընթացք ունեցավ: Հսկայական թվով զոհերն ու ավերածությունները պարտադրում էին սիրիացիներին արագ ենթարկվել մյուս արաբական երկրների բախտին, բայց ապստամբներն իրենց պահեցին արտաքին թշնամու, զավթիչի նման, շատերը հենց դրսից էլ ուղարկված էին, ու ժողովուրդը կողմնորոշվեց դեպի գործող նախագահ Ասադը:
Եգիպտոսում բանը հասավ իշխանափոխության, միայն թե նոր նախագահ Մուհամեդ Մուրսին մեկ տարվա ընթացքում հասցրեց «յուրացնել» հեղափոխությունը՝ իր կուսակից «մուսուլման-եղբայրների» հետ միասին հասարակությանը փորձելով պարտադրել շարիաթի օրենքները: Դա հանգեցրեց բողոքի ահռելի ալիքի, զինվորականությունը պաշտպանեց աշխարհիկ կարգի կողմնակիցներին և Մուրսիին պաշտոնանկ արեց:
Հայ իրականության համեմատությամբ ամենահետաքրքիրը հետագա զարգացումներն են: Մուրսիի կողմնակիցները դուրս եկան նույնքան զանգվածային հանրահավաքների: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ, որոնք հանգեցրին տասնյակ զոհերի, բայց դա չմարեց շարժումը: Ըստ ամենայնի, չի էլ մարի՝ եգիպտական հանրությունը կիսվել է երկու մասի, և հակամարտության ելքը մնում է դժվար կանխատեսելի:
Հայաստանում երկու անգամ է նախագահ փոխվել: Տեր-Պետրոսյանը հեռացավ հեղաշրջման հետևանքով, բայց ընտրողների մի քանի տասնյակ տոկոսից, որ ձայն էին տվել նրան, մի քանի տասնյակ հոգի էլ դուրս չեկավ փողոց:
Ռոբերտ Քոչարյանն ուներ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» նախընտրական կարգախոս: Նա հեռացավ երկրորդ ժամկետը լրանալուց հետո: Ինչ էր մտածում Քոչարյանի մասին «իր կուսակցությունը»՝ ժողովուրդը, Մարտի 1-ի գնդակահարությունից հետո, հազիվ թե արտահայտելի է գրական լեզվով:
Ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի ու իր կուսակցության՝ Հանրապետության հրապարակի անցյալ տարվա միջոցառումն ամենախորհրդանշականն էր նմանատիպ հավաքներից. փուչիկները պայթեցին, հարյուրավոր պատանիների այրվածքներ պատճառելով: Ես ինքս եմ անցել հրապարակով դեպքից կես ժամ առաջ. Հայաստանի տարբեր մարզերի անուններ կրող պաստառների շուրջը խմբվածների զգալի մասը նույնիսկ ընտրական տարիքի չէին: Հագուկապով երևանցիներն էլ կուրս-կուրս բուհերի ղեկավարների հարկադրանքով եկած ուսանողներ էին:
Ասածս ի՞նչ է: Հայաստանում իշխանության համոզված կողմնակիցներ չկան արդեն համարյա քսան տարի: Չկա գաղափարական բախում: Կա բնակչություն, որն ընտրությունների ընթացքում արդեն երրորդ նախագահին է մերժում՝ անկախ ընդդիմության տվյալ պահի առաջնորդների որակներից ու վճռականությունից: Եվ կա իշխող խումբ, որը տիրացել է գործադիր, ուժային, դատական լծակներին, կառչել է աթոռներից ու երկրի աղքատ բյուջեի փողից փող է սարքում: Եվ ամեն ինչ մեջ-մեջ է անում, լկտի, անխիղճ ձևով: Նույնիսկ՝ ինքնակործան, քանի որ շուտով մարդ չի մնալու, որ «կթեն»:
Իսկ ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի ականջին: Չգիտեմ: Ես էնտեղ չեմ եղել: Վերնագիր դրեցի, որ Եգիպտոսի թեմայով մտորումներս կարդաք, որովհետև ամենաշատը էդ ազգանուններով նյութերն եք սիրում: Չնայած... քանի որ արդեն վերնագիր եմ դրել, գուշակեմ. ասած կլինի՝ իմ ընդդիմությունը իմ ժողովուրդն է: 

 

Վահրամ Մարտիրոսյան