Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, պետք է նկատենք, աչքի են ընկնում բավական ինքնատիպ դրսևորումներով. դրանք դարձել են ներքաղաքական ինտրիգների, յուրատեսակ հակախաղերի թատերաբեմ, ուր ծավալվող գործողություններն ուղղակիորեն առնչվում են իշխանական բուրգի ներսում ընթացող ոչ այնքան տեսանելի գործընթացներին. Հայաստանի քաղաքական կյանքում ոչ այնքան երկրորդական դերակատարություն ունեցող Հովիկ Աբրահամյանն ու Սամվել կարապետյանը կարծես որոշել են բացահայտորեն ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին ու նրա կողմից լիովին ու ամբողջությամբ վերահսկվող իշխող ՀՀԿ-ին: Ընդ որում` պետք է ընդգծել,որ հակասարգսյանական խաղի դիրիժուրան ամբողջովին ստանձնել է Սամվել Կարապետյանը, որի բուն նպատակը մեկն է` հզորացնել բացառապես սեփական ազդեցությունը Հայաստանում, նույնիսկ կամ հատկապես ի հաշիվ Սարգսյանի: Այս նպատակին հասնելու համար Կարապետյանը փորձում է օգտվել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր միջոցներից ու հարված հասցնել:

Որպես ասվածի լավագույն ապացույց, թերևս, պետք է համարել կոնկրետ Արտաշատում, Լոռիում տեղի ունեցած ընտրությունները, որոնց տեղի բնակչության մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել: Ըստ այդմ` Արտաշատում ընտրողների միայն 22%-ն է ներկայացել ընտրատեղամասեր: Իսկ ահա Ստեփանավանում Միքայել Ղարաքեշիշյանը 15162ընտրողներից միայն 5028-ի համակրանքին է արժանացել: Ինչ վերաբերում է Տաշիրին, ապա այստեղ նույնպես գրեթե նույն պատկերն է տիրում. 4484 ձայներով ընտրվել է Էդգար Արշակյանը` միակ թեկնածուն: Այստեղ ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 37%: Երբ այս արդյունքները համադրում ես դիցուք ԱԺ ընտրություններում Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբոր) ստացած քվեների հետ (մոտ 40000կողմ ձայն), հասկանում ես, որ տեղի ունեցածը չէր կարող զուտ պատահական բնույթ կրել. գործ ունենք հստակ պլանավորված խաղի հետ, որի նպատակը Սերժ Սարգսյանին, այսպես ասած, անհարմար դրության մեջ դնելն է:

Իրականում Հովիկ Աբրահամյանի ունեցած պլանները` ինչ-որ կերպ մաս կազմելու իշխանություններին ու եթե հնարավոր լինի 2018-ին ստանձնել փախվարչապետի պաշտոնը, հարմար գործիք են դարձել Կարապետյանի ձեռքին` սեփական հակասարգսյանական խաղն առաջ տանելու համար: Այսինքն` հովիկ Աբրահամյանի քաղաքական պլանները Կարապետյանի համար կարևոր են այնքանով, որքանով դրանցում առկա են հստակ արտահայտված հակասարգսյանական տարրեր: Պետք է հստակ հասկանալ` այս խրթին գործընթացի հիմքում, որը միայն նոր է սկսվում, ընկած են Սամվել Կարապետյանի նկրտումները` ստանձնելու գլխավոր «ասիչի» դերակատարությունը Հայաստանում, իսկ մնացյալը լոկ գործիքակազմեր են, որոնք հանդես են գալիս ընդամենը ներկա պահին հարմար գործիքի դերում: Այս իմաստով` պետք է նկատել Հովիկ Աբրահամյանի ու Սամվել Կարապետյանի շահերը գոնե այս պահին լիովին համընկնում են, ինչից էլ, ըստ էության, բխում է նրանց գործողությունների տրամաբանությունը:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ իրենց դեմարշով Սամվել Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կանգնեցնում են կոնկրետ փաստի առաջ. հիմա նախագահը կա՛մ պետք է կտրուկ քայլերի գնա ու Կարապետյանից, կոպիտ ասած, խլի մարզը (Հովիկ Աբրահամյանից Արարատը վաղուց է «խլվել»), ինչը, բնական է, չի կարող անցնցում նախաձեռնություն համարվել, կա՛մ ռիսկի չդիմելով` պետք է փորձի ինչ-որ կերպ լեզու գտնել սեփական օպոնենտների հետ` իրավիճակը վերահսկելի պահելու համար:

Մյուս կողմից անկասկած է նաև այն,որ այս առճակատման համատեքստում չափազանց կարևոր դերակատարություն կարող է ունենալ նաև Գագիկ Ծառուկյանն, ում դիրքորշումը` սատարելո՞ւ նախագահին, թե՞ ամենավճռական պահին կանգնելու սեփական խնամու ու քավորի կողքին, կարող է ճակատագրական դառնալ, քանի որ այս ամենն, ինչպես նշվեց, դավադրության միայն սկիզբն է ու նախանշվող առճակատման առաջին դրսևորումներից մեկն է: Ճիշտ է` ներկայումս Ծառուկյանը միևնույն դաշտում է խաղում Սարգսյանի հետ միասին, բայց դե հայտնի բան է` քաղաքականությունը երբեմն նաև անկանխատեսելի է դառնում, ու չես կարող գուշակել` վերջին պահին ինչ կարող է լինել: Այս իմաստով, նկատենք, Ծառուկյանի կշիռն ինքնըստինքյան բարձրանում է` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Թե ինչ կլինի հետո, ու թե այս «խմորը որքան ջուր կտանի», իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ 2018-ն այնքան էլ հեշտ տարի չի լինելու ու լի է լինելու քաղաքական ինտրիգներով, պալատական խարդավանքներով, անվիճելի է. խուլ հակամարտությունը վերածվում է բացահայտ առճակատման:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ