ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի հետ.
-Պարո՛ն Իգիթյան, վերջին շրջանում հրապարակ է նետվել մի թեզ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանն այլևս չի ցանկանում պաշտոնավարել, անգամ երկու անգամ փորձել է հրաժարական տալ, և այդ քայլին չի դիմել միայն Սերժ Սարգսյանի հորդորով:
-Ինչ է՝ ստացվում, փաստորեն, ժողովուրդը նստած սպասում է Կարեն Կարապետյանի գնալ-չգնալուն, հա՞: Չեմ կարծում, որ դա հասարակությանն այդքան հուզում է: Կարեն Կարապետյանի գնալ-չգնալով ավելի շատ են անհանգստանում հենց ՀՀԿ-ում, և այդ հարցի մասին հենց ՀՀԿ-ում են խոսում` ընդ որում շշուկով: Ավելին ասեմ՝ գիտեմ անգամ ովքեր են այդ շշնջացողները:
-Ովքե՞ր են
-Վերջերս մի տեսակետ լսեցի, որ Կարեն Կարապետյանն իրավունք չունի 2018 թվականին դառնալ Հայաստանի վարչապետ՝ ոչ միայն Հայաստանում իր ապրած տարիների քանակի պատճառով, այլ, որ նա ունի ռուսական անձնագիր: Հարցն այն չէ, որ Կարեն Կարապետյանին իշխանության մեջ սիրում են, թե՝ ոչ, այստեղ կան անձնական շահեր, որոնք գերիշխող են: Եվ ես գիտեմ, որ նման լուրեր տարածողները Հովիկ Աբրահամյանի սեղանակիցներն են, մարդիկ, ովքեր Հովիկ Աբրահամյանի հետ դու-ով էին խոսում՝ լուծելով իրենց բիզնես շահերը: Կա ևս մեկ պատճառ Կարեն Կարապետյանի մնալը չհանդուրժելու համար:
-Ո՞րն է այդ պատճառը:
-Կարեն Կարապետյանին դեմ խոսացողները շատ են հենց նույն ՀՀԿ-ում: Շատերը գիտեն Կարեն Կարապետյանի բացասական վերաբերմունքը մականունավոր, հովիկաբրահամյանամերձ պատգամավորների մասին, որոնց ներկայիս վարչապետի ուժեղացումը բացարձակապես ձեռնտու չէ, և որոշ մարդիկ մտավախություն ունեն, որ Կարեն Կարապետյանի իշխանության ամրապնդման հետ կապված իրենք խնդիրներ կունենան իրենց բիզնեսների հետ:
-Նախագահ Սերժ Սարգսյանին ձեռնտո՞ւ է Կարեն Կարապետյանի դիրքերի ուժեղացումը:
-Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի կուսակցության լիդեր մնալն իրեն թույլ կտա՞ Հայաստանում իրեն համար ցանկալի ձևով վերահսկել քաղաքական գործընթացները: Ի վերջո, եթե նայում ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ ենք տեսնում՝ ակնհայտ է, որ նրանք հայտնվել են լուսանցքից դուրս վիճակում, հիմա նույնը կարող է պատահել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև ամեն երկիր չէ, որ Մեդվեդև ունի: Հիշենք, որ Մեդվեդևը, լինելով ՌԴ նախագահ, միևնույնն է երկրի կառավարման ղեկը տվել էր Պուտինին, հիմա հարց է առաջանում, արդյոք Կարեն Կարապետյանը կցանկանա դառնալ Մեդվեդև և ղեկը չվերցնել Սերժ Սարգսյանի ձեռքից:
-Ի դեպ, Կարեն Կարապետյանի հեռանալ-չհեռանալուց բացի մամուլում քննարկվում են նաև Հայաստանի հիմնի փոփոխության հետ կապած Շառլ Ազնավուրի խոսքերը: Կցանկանա՞ք, որ մեր հիմնը փոխվի՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ժամանակին էլ ՀՀՇ-ն էր ցանկանում փոխել հիմնը:
-Ես հիշում եմ, երբ Հայաստանի օրհներգը դարձավ «Մեր հայրենիքը», մենք այդ երգը դիտարկում էինք մի երգ, որը միավորեց այն ժամանակվա բոլոր քաղաքական ուժերին, անգամ կոմունիստներին: Եթե վերցնենք գեղարվեստական տեսակետից, իհարկե, հայերը կարող էին աշխարհի լավագույն հիմնը գրեին, քանի որ մենք այդ փորձը ունեինք՝ սկսած Արամ Խաչատրյանից մինչև Տիգրան Մանսուրյան: 1993 թվականին մենք էլ ենք քննարկել հիմնի փոփոխության հարցը, բայց դա այդպես էլ լրջություն չստացավ, քանի որ որևէ քաղաքական հարց դրանով չէր լուծվելու: Հիմնի փոփոխությունը որևէ հարց չի լուծում նաև այսօր, սա, ընդամենը, մի քանի մարդկանց ճաշակի հարց է, և ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի