Ինչպես հայտնի է, վերջին շրջանում բավական ակտիվացել են լուրերն ու քննարկումները՝ վերաբերող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին. նա կրկին ուշադրության կենտրոնում է, ինչը, բնականաբար, չի կարող պատահական լինել. Աբրահամյանի՝ աշնանն ակտիվանալու մասին բոլոր նախնական շշուկները կարծես հետզհետե նյութականանալու միտումներ են դրսևորում:
Այս իմաստով բավական ուշագրավ պետք է համարել իր վերջին հարցազրույցը՝ տված ԶԼՄ-ներից մեկին, ուր նա անդրադարձել է մի շարք հարցերի, որոնց տակ կոնկրետ ենթատեքստ չտեսնել ուղղակի չի կարելի:
Եվ այսպես՝ ի՞նչ է ակնարկել Աբրահամյանն իր հարցազրույցում և կամ, որ առավել հետաքրքրական է, ո՞ւմ էր ուղղված նրա ուղերձը թեժ քաղաքական աշնանից առաջ: Անկասկած է, որ մեսիջների առաջնային հասցեատերը ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն է՝ մեկն, ում Աբրահամյանն իր հարցազրույցում բավական հետաքրքիր երանգներ պարունակող ուղերձներ է հղում՝ իբր փորձելով հաստատել սեփական առաջնայնությունը նրա նկատմամբ: Նախ՝ անդրադառնալով իր ու իր ընտանիքին պատկանող բիզնեսների վաճառքի թեմային, որը բավական արծարծվող թեմաներից մեկն է հատկապես վերջին շրջանում, Աբրահամյանը վստահեցրել է, որ դրանց տակ որևիցե քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ. ինքը լիովին ազատ է ու որևիցե չերևացող նպատակներ այդ քայլերով չի հետապնդում. այդ ամենը բացատրել է ունեցած «բիզնես ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացման» իր ձգտմամբ: Ավելին՝ մտահոգություն է հայտնել, թե այդ թեմայի շուրջ ավելորդ աղմուկն ու շահարկումները «նախ վատ ազդակ են մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդարացի իր նկատմամբ»:
Գնահատական տալով Կարապետյանի Կառավարության գործունեությանը՝ Հովիկ Աբրահամյանը բավական ուշագրավ շեշտադրումներով է հանդես եկել՝ դրանով կարծես փորձելով շեշտել իր «առավելությունը» Կարապետյանի նկատմամբ, հասկացնելով, որ վերջինս ընդամենը հանդես է գալիս իր կողմից մտահղացված կամ իր վարչապետության օրոք սկիզբ դրված ծրագրերի շարունակողի դերում՝ դրանով իսկ մի տեսակ ցույց տալով իր «գերակայությունը» ներկա վարչապետի նկատմամբ:
Նկատենք, սակայն, որ չգիտես ինչու հարցազրույցում Աբրահամյանը խուսափել է որևիցե բառ արտաբերել իր կառավարման շրջանի ճչացող բացթողումների, վխտացող կոռուպցիայի ու այլ ապօրինությունների մասին, որոնց դառը պտուղներն այսօր ստիպված քաղում է ողջ ժողովուրդը ու որից այդպես էլ ուշքի չի գալիս երկիրը: Ենթադրելի է, որ չի ցանկացել խախտել մեզանում ձևավորված «բարի» ավանդույթն, երբ նախկին պաշտոնյաները, որոնց օրոք քիչ սխալներ ու բացթողումներ չեն գրանցվել, միառժամանակ անց հանդես են գալիս այնպիսի հարցազրուցներով, որ թվում է ոտքերն ամպոտ են ու հենց նոր է երկնքից իջել: Փաստորեն՝ իրականությանն ուղիղ հայացքով նայելու ու անցյալին օբյեկտիվ գնահատականներ տալու փոխարեն Աբրահամյանը շտապել է ներկա վարչապետին ամեն կերպ ներկայացնել որպես ընդամենն անցյալի ժառանգորդ, ով իբր հանդիսանում է լոկ անցյալում գծագրված ծրագրերի լավ կատարող...
Թե հատկապես ինչ տեսք կունենա Աբրահամյանի՝ ակտիվ քաղաքական դաշտ վերադարձը և թե դրան ինչ գործընթացներ հետագայում կհաջորդեն, պարզ կդառնա, թերևս, առաջիկայում, սակայն այն, որ Աբրահամյանն իր այս կեցվածքով հարուցում է ավելի շատ հարցեր, քան տալիս դրանց պատասխաններն, ակնհայտ է. անցյալը կամայականորեն սրբագրելը հեռանկարային չի կարող լինել:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ