ՀՀ կառավարությունը երեկ 18.225 եվրո տրամադրեց Արդարադատության նախարարությանը Եվրադատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016թ. ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու համար:

 

Սա Կառավարության ոչ առաջին և ոչ էլ հաստատապես վերջին նմանօրինակ որոշումն է: Սակայն երեկվա որոշումը հունից հանել է վարչապետին:

 

«Ընդհանրապես մեկը պե՞տք է այս ամենի համար պատասխան տա»,- զայրացել է Աբրահամյանը, պահանջելով հաշվել, թե անցնող տարիներին, ինչքան գումար է դուրս գրվել Եվրադատարանի վճիռների հետևանքով:

 

Ինչո՞ւ է զայրացել Հովիկ Աբրահամյանը, միթե՞ նա հենց երեկ իմացավ հայկական արդարադատության խայտառակ վիճակի մասին:

 

Եթե խնդրին նայենք պոզիտիվ տեսանկյունից՝ Կառավարության ղեկավարի ցասման պատճառը հասկանալի է: Տնտեսական ճգնաժամ է, երկրում փող չկա կենսական պահանջների համար, իսկ մենք հատուցում ենք դիլետանտ կամ կաշառակեր դատավորների սխալների հետևանքով:


Սակայն, եթե Հովիկ Աբրահամյանի դժգոհությունն անկեղծ է, ապա նա պայքար պետք է սկսեր ոչ թե հետևանքի, այլ պատճառների դեմ:

 

Ըստ այդմ՝ վարչապետը քաղաքական գնահատական պետք է տար հայկական արդարադատության անմխիթար վիճակին, առաջարկեր բարեփոխումների իր տեսլականը:

 

Կառավարության երեկվա նիստում նման բան մենք չլսեցինք ու, ըստ ամենայնի, Արգամիչի բարկությունն այլ՝ ներիշխանական ենթատեքստեր ուներ:

 

Վաղուց է խոսվում, Հովիկ Աբրահամյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի լարված հարաբերությունների մասին:

 

Չի բացառվում, որ վարչապետը «քարը» նետել է հենց Հարությունյանի «բոստանը»,հասկացնելով, որ հենց նրա պաշտոնավարման օրոք է ձևավորվել դատավորների այն կաստան, որն այսօր իսկական խոտան է «արտադրում» դատավճիռների տեսքով:

 

Իսկ գուցե վարչապետի մատնանշած «մեկը», ով պատասխան պետք է տա այս վիճակի համար, հանրապետության նախագահն է: Ով ի պաշտոնե նշանակում է դատավորներին: Ի դեպ,Աբրահամյանը բազմաթիվ պատճառներ ունի Սերժ Սարգսյանից նեղսրտելու: Շատ չծավալվելու համար նկատենք, որ հենց Սարգսյանն է կոտրել իշխանության ժառանգորդը դառնալու Արգամիչի «բյուրեղյա երազանքը»:

 

Սահմանադրական փոփոխություններն անիմաստ դարձրին Աբրահամյանի նախագահական ձգտումները, անգամ զրոյացրին 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչաապետի պաշտոնում մնալու նրա շանսերը:

 

Հնարավոր է նաև այն վարկածը, որ վարչապետը դժգոհ է դատաիրավական համակարգում ունեցած իր այսօրվա համեստ դերակատարությունից և երեկվա հայտարարությամբ որոշակի հայտ է ներկայացնում:

 

Հատկանշական է, որ Աբրահամյանին հետաքրքրում է փողերն ու միայն փողերը: Այսինքն՝ այն, թե ինչքան է երկիրը կորցնում կոռումպացված կամ դիլետանտ դատավորներ հանդուրժելու համար: 

 

Մինչդեռ վարչապետի անկեղծությանը կարելի էր հավատալ, եթե նրան առաջին հերթին հուզեին մարդկային բազմաթիվ խեղված ճակատագրերը՝ դատաիրավական այլանդակ համակարգի հիմնական զոհերը:

 

Սարգիս Հակոբյան