Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը: Այդ հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառավարությունը մեզ՝ այսինքն Հայաստանը, չի սպանել, Հայաստանը կա, դեռ շնչում է: Ու հենց դա է թերևս այս կառավարության գլխավոր ձեռքբերումը: Բերված թվերը մոտավոր են, հարաբերական, ինչը կառավարությանը մանևրելու հնարավորություններ է տալու, ավելին՝ բերված թվերը, որպես կանոն, չեն համընկնում ԱՎԾ ներկայացրած պաշտոնական վիճակագրության հետ: Մասնավորապես, կառավարության հաշվետվության մեջ տեղ չի գտել այն փաստը, որ մենք երկու գերակա ճյուղ ենք «սպանել»՝ գյուղատնտեսության և շինարարության ոլորտը վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ երկնիշ անկում են արձանագրել. պետական պարտքը հատել է 6 միլիարդը: Նման ցուցանիշը նույնիսկ բավարար չես կարող համարել, սակայն քաղաքական միամտություն կլիներ պատասխանատվության ողջ բեռը բարդել միայն Կարեն Կարապետյանի և նրա կառավարության վրա: Իրականում Կարեն Կարապետյանը ժառանգել է այս խնդիրները իր նախորդներից՝ մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանից:
Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանի կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխման՝ կուտակային համակարգի ներդրման հետ կապված դժգոհությունների եռուն փուլում: Նոր վարչապետը խոստացավ, որ «կուտակային համակարգը կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Որոշ ժամանակ անց պարզվեց, թե ինչ է նշանակում դա: Այսինքն, բարեփոխումն, ըստ էության, մասամբ կյանքի կոչվեց, դրանից բխող մասնակի արդյունավետությամբ, փոխարենը՝ դժգոհությունները դադարեցին: Ի դեպ՝ դժգոհությունների մասին: Խոսելով Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին, հարկ է նշել, որ այն նախագահի վարած քաղաքականության նույնական արտացոլումն էր՝ գոհացնել բոլոր դժգոհողներինՙ անկախ նրանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց: Սակայն ինչպես ասում են՝ բոլորին գոհացնել չես կարող և ասվածի վառ վկայությունն էլ եղավ Աբրահամյանի հրաժարականը և նրա փոխարինումը ՀՀԿ «նոր ոգով»: Պարտադիր էր այդ հրաժարականը, թե պարտադրված՝ գիտի միայն Աբրահամյանը...
Աբրահամյանի և Կարապետյանի, ինչպես նաև նրանց կառավարությունների միջև կան մի շարք տարբերութուններ, ընդ որում՝ էական: Եթե Կարեն Կարապետյանը գործող նախագահի PR նախագիծն է, միտված ՀՀԿ-ում «նոր ոգու» իմիտացիա ստեղծելուն, ապա Հովիկ Աբրահամյանը, մեծ հաշվով, ինքն էր նվաճել վարչապետի պաշտոնը ու փորձում էր առաջ մղել ինքնուրույն օրակարգ, որի առանցքում սեփական ամբիցիաներն էին իշխանության ժառանգորդը լինելու հարցում: Մի բան, որը բացարձակ չէր տեղավորվում Սարգսյանի ծրագրերի մեջ՝ նվազագույնը այն պատճառով, որ Աբրահամյանը Սարգսյանի ընտրությունը չէր: Ի տարբերություն Աբրահամյանի նշանակման՝ Կարեն Կարապետյանի նշանակումը Հանրապետականի համար պատեհություն էր՝ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու տեսանկյունից՝ այն իրավիճակի, որն ի հայտ էր եկել Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության արդյունքում: Մի մասը մնաց հենց Աբրահամյանի վրա, թեեւ նա իր հրաժեշտի ելույթում փորձեց ամեն կերպ ակնարկել, որ իր ձախողումը բոլորինն էր, մյուս մասն էլ մնում է Կարեն Կարապետյանի վրա, եւ, եթե ինչ-որ բան չստացվի, ապա ՀՀԿ-ն թե՛ «նոր ոգուց» կազատվի, թե՛ եղած ծանր վիճակի համար պատասխանատվությունից: Վերջերս տված հարցազրույցում էլ Աբրահամյանը ակնարկում էր, որ նոր կառավարության կողմից գրանցած դրական տեղաշարժերի հիմքը ինքն է դրել, սակայն իրականությունն այն է, որ Աբրահամյանը Կարապետյանին միայն տարբեր բարդության խնդիրներ է ժառանգություն թողել: Խնդիրներ, որոնք ինչպես ցույց է տալիս կառավարության մեկամյա գործունեության հաշվետվությանը՝ դեռ չի հաջողվել լուծել: Եվ այժմ ՀՀԿ նոր ոգին՝ այն է՝ Կարեն Կարապետյանը, ստիպված է իր ողջ դրայվը գործի դնել ձեռբազատվելու Հովիկ Աբրահամյանի թողած ժառանգությունից: Կարապետյանի համար հեշտ չի լինելու, քանի որ հնարավորությունները սահմանափակ են: Նա սեփական թիմ չի ունենալու նաև այն պարագայում, եթե 2018-ի ապրիլին մնա վարչապետ, այլ լավագույն դեպքում, իշխանության թիվ մեկ պաշտոնում լինելու է Սերժ Սարգսյանի «տեղապահը» և նույնիսկ անկախ իր կամքից` նախապատրաստելու է նրա վերադարձը:
Ստելլա Խաչատրյան