«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների' «Բիզնես Արմենիա» հիմնադրամում կրճատումներ են. օրեր առաջ 11 աշխատող ազատվել են աշխատանքից: Իսկ ահա երեկ հրաժարականի դիմումը հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: Բայց Ավակյանը կշարունակի հիմնադրամը գլխավորել որպես ժամանակավոր պաշտոնակատար: Առաջիկայում կկայանա հիմնադրամի տնօրենի մրցույթ, որին Ավակյանը, ըստ որոշ տեղեկությունների, չի մասնակցի: Բացի այս, տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ հիմնադրամն առաջիկայում կլուծարվի:
Հիշում եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի առիթով խոսել էր նման կառույցների անարդյունավետ աշխատանքի մասին' ասելով, որ կառավարությունը գնալու է այդ հիմնադրամները փակելու ճանապարհով: Սակայն հիմնադրամի լուծարման վերաբերյալ մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանն ասաց, որ նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է կրճատումներին, Ուդումյանը հայտարարեց, որ կառուցվածքային փոփոխությունները տեղի են ունեցել հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ:
Հիշեցնենք, որ «Հայաստանի զարգացման» հիմնադրամը, որը, ի դեպ, տեւական ժամանակ է' անվանափոխվել է «Բիզնես Արմենիա»-ի, ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: