Հոկտեմբերի 17-ին, ինչպես հայտնի է, վերջապես կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որի մասին խոսվում էր դեռ շաբաթներ առաջ. ոմանք այն նույիսկ հասցրել էին կանխավ «աննախադեպ» որակել՝ վստահություն հայտնելով, թե դրա ընթացքում ընդունված որոշումները պատմական են լինելու: Անկախ այն բանից, թե ով և ինչպես է որակում կայացած նիստը կամ դրա հետևանքները պետության համար ինչպիսին կլինեն, փաստը մնում է փաստ, որ այն ոչ մի կերպ գերսենսացիոն կամ ճակատագրական համարելը խիստ չափազանցություն կլիներ. միայն այն փաստը, որ կառավարության նոր ծրագիրը գործելու է ընդամենը մինչև խորհրդարանական ընտրություններն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՄ նշանակությունը չափից դուրս ի սկզբանե գերագնահատված էր: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե որևիցե արտառոց անակնկալ այս նիստն այդպես էլ հայաստանյան հանրությանը չմատուցեց, բայց բավական է մի փոքր խորաթափանցություն դրսևորել, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչ հետաքրքրական նրբերանգներով հասցրեց աչքի ընկնել այս կարևորագույն քաղաքական իրադարձությունը:

 

Այսպես՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Վարդան Այվազյանի ու Կարեն Կարապետյանի միջև: Երբ վարչապետն ասել է, թե կառավարությունը նախատեսում է գազի սակագնի նվազեցում, Վարդան Այվազյանն, ով ավանդաբար համարվում է ՀՀԿ հին թիմի անդամներից, հակադարձել է վարչապետին, թե սակագին իջեցնելը կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարապետյանի կտրուկ պատասխանը՝ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:


Թեև այս միջատեպը ոմանց կարող է թվալ անկարևոր, բայց պարզից էլ պարզ է, թե իրականում ինչի մասին է այն վկայում. առանձնապես մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Հայաստանում ու այն էլ ներկայիս ներքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում, երբ լրջագույն վերադասավորումներ են տեղի ունենում իշխանական համակարգում, տեղի ունեցածը ոչ մի կերպ պարզ անհարթություն չես համարի. սրա տակ շատ կոնկրետ պրոցեսներ են թաքնված՝ կոնկրետ նպատակներով:

 

Կարծել թե Վարդան Այվազյանը կարող էր նման ինքնագլխություն դրսևորել ու յուրատեսակ «հաթաթա» տալ Կարապետյանին, կատարյալ միամտություն կլիներ, քանի որ տեղի ունեցածում չտեսնել ՀՀԿ հին թիմի ձեռագիրն՝ ինչ-որ չափով ուղղորդվող նաև նախագահականից, ուղղակի անհնար է: Պետք չէ մոռանալ, որ հին թիմը, որ աներկբայորեն ընդունում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեղինակությունն ու ինչ-որ իմաստով գլխավորվում նրա կողմից, այդպես էլ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր ազդեցությունը Կարապետյանի կողմից փորձ է արվում սահմանափակել:  Ուստի ամեն գնով ուղիներ է որոնում՝ սկսված գործընթացը կանխելու ու ամեն բան ի շրջանս յուր վերադարձնելու:


Այն, որ Կարապետյանի՝ քաղաքական ասպարեզ մտնելով շատերի խաղաքարտերը խառնվեցին, հանրահայտ իրողություն է. առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ Կարապետյանը ՀՀԿ-ում չուզողների պակաս առանձնապես չի զգալու՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի ու նրան հավատարիմների:Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի դիրքորոշմանն, ապա արդեն իսկ պարզ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ակտիվորեն չմիջամտել երկու թևերի միջև առկա բախմանը՝ ՀՀԿ հին թիմին դարձնելով մահակ՝ Կարապետյանի գլխին՝ նրան հնարավորինս սեփական ազդեցության տիրույթում պահելու համար: Կոնֆլիկտ հրահրելով նորերի ու հների միջև՝ նախագահը փորձելու է սեփական վերահսկողության տակ պահել թե՛ առաջիններին, թե՛ վերջիններին՝ ստանձնելով յուրատեսակ արբիտրի դեր:


Բայց այս ամենը, բացի ներիշխանական թեժացող խժդժությունների փայլուն ապացույց լինելուց, խոսում է մեկ այլ բանի մասին ևս. ՀՀԿ-ն, որի կորիզը, գաղտնիք չէ, հենց հին թիմն է, կատեգորիկ վերաբերմունք է դրսևորում ամեն նորի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բոլոր այն ուժերը, որոնք կարող են տեսանելի ապագայում հայտ ներկայացնել՝ մուտք գործելու քաղաքական դաշտ, ակամա ստիպված են լինելու բախվել աննախադեպ ընդդիմության՝ ի դեմս ՀՀԿ-ի, ուր բառացիորեն թշնամական վերաբերմունք ունեն ամեն նորի, դրականի նկատմամբ, քանի որ միգուցե բոլորովին բնազդաբար շատ կոնկրետ վտանգ են զգում սեփական իշխանության նկատմամբ, որն, ինչպես հայտնի է, փորձում են հավերժացնել:


Վերն ասվածից հետևում է մեկ բան՝ առանց համընդհանուր իրական պայքարի, հասարակությունն այդպես էլ չի կարողանալու հասնել այն փոփոխություններին, որոնք վաղուց օրհասական են դարձել իր համար: Առանց տոտալ համախմբվածության ժողովուրդը ստիպված է լինելու կքած մնալ իր խնդիրների անտանելի ծանրության տակ՝ լավ օրերի տեսլականը թողնելով մշուշոտ ապագային:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ