ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 9-րդ նիստում միաձայն նախագահ ընտրեց Գևորգ Մուրադյանին:
Վերջինս մինչև 2018 թ. ապրիլ ամիսը եղել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը:
Հունվարի 22-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջ քաշեց Կառավարության կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը:
Գևորգ Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումը եւ այլն: