«Հասարակությունն իշխանություններից որևէ բան չի սպասում: Իշխանության մեջ միակ մարդը, ում հանդեպ ժողովրդի մոտ կա քիչ թե շատ վստահություն, վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրա նկատմամբ կան դրական սպասումներ, բայց նա չունի այն քաղաքական լծակները թե՛ ՀԿԿ-ում, թե՛ պետական համակարգում, որով կկարողանար նոր բան առաջարկել»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ նշելով, որ, թեև ՀՀԿ-ն փորձեց իր ցածր վարկանիշը փրկել Կարեն Կարապետյանի միջոցով, սակայն դա նրան չհաջողվեց. «Մեծ հաշվով, Կարեն Կարապետյանի լինելը իշխանությանը ոչինչ չի տալիս իր իմիջը փրկելու համար: Եթե իշխանությունը մեծ հաջողության էլ հասնի, Կարեն Կարապետյանի ֆիգուրը կփորձի դուրս հանել, ինչպես արել է ՀՀԿ նախկին կուսակիցների հետ»:
Մեզ հետ զրույցում՝ քաղաքագետը, խոսելով «Հանրապետական» կուսակցության վարկանիշը փրկել փորձողների մասին, նշեց. «Այդ վարկանիշն այնքան ցածր է, որ ցանկացած մարդ, ով կփորձի այդ հարցը լուծել, կկանգնի լուրջ խնդիրների առաջ: Կարեն Կարապետյանին բոլորը ճանաչում էին դեռևս «Գազպրոմից», բայց որպես քաղաքական նոր գեներացիա, նոր դեմք՝ նրան որպես վարչապետ նոր սկսեցին ճանաչել: Եթե իշխանությունը խելոք լիներ, պետք է ճիշտ խաղարկեր Կարեն Կարապետյանին: ՀՀԿ-ն պետք է խոստում տա, որ վարչապետը կդառնա իրենց ժառանգորդը, իսկ այդ խոստումը չտալով՝ թուլացնում է Կարեն Կարապետյանին»:
Վերջում քաղաքագետը հավելեց, որ այս ամենով հանդերձ՝ քաղաքականությունից դուրս՝ ներկա վարչապետը որպես մարդ և որպես մենեջեր, որակապես տարբերվում է իշխանության մեջ գտնվող բազմաթիվ դեմքերից:
Աղավնի Սուքիասյան