ԱԺ պատգամավոր, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին առաջարկել էր լրագրողների ներկայությամբ բանակցել: Նա նման հայտարարություն էր արել երեկ՝ ապրիլի 26-ին: Այսօր, սակայն, Կարապետյանը չի եկել: Այս պահին ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը նշեց, որ ըստ իրեն՝ պատճառն այն է, որ ՀՀԿ կուսակցության ներսում խառը իրավիճակ է:

- Այսօր հանդիպումը չկայացավ: Ի՞նչ կարող եք ասել այդ առթիվ:

 

- Դա նշանակում է, որ ՀՀԿ-ում խառը իրավիճակ է, քանի որ երեկ կամ առաջին օրը  նրանք հայտարարել էին, որ պատրաստ են առանց նախապայմանների բանակցությունների, բայց ինչպես տեսնում եք, պարոն Կարապետյանի տեղը զբաղեցնում է իմ ուսապարկը:

- Ձեր կարծիքը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների մասին:

- Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք այդ մասին արդեն խոսել ենք: Մենք կարծում ենք, որ այդ գործընթացում ժողովրդի տարած հաղթանակը պետք է հաստատվի նաեւ դե յուրե: Այսինքն՝ հարցը հետեւյալն է. արդյո՞ք Հայրապետական կուսակցությունը ցանկանում է լուծել այս ճգնաժամը: Եթե վարչապետ ընտրվի հանրապետական թեկնածուն, ապա այս ճգնաժամը չի լուծվի: Մենք կշարունակենք մեր գործողությունները, մեր խաղաղ ցույցերը եւ կփորձենք հանրապետականներին, օրինակ՝ Կարեն կարապետյանին բացատրել, ինչպես Սերժ Սարգսյանին բացատրեցինք, որ նա չի հասկանում ստեղծված քաղաքական իրավիճակը:

- Մայիսի 1-ին ի՞նչ ելք է կանխատեսում:

- Ես մայիսի 1-ին կանխատեսում եմ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ Երեւանի փողոցներում: Մենք այս պահին կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին մայիսի 1-ին առավոտյան ժամը 8-ին լիnել Երեւանում եւ հեղեղել Երեւանի փողոցներն ու հրապարակները՝ այդ թվում Ազգային ժողովի հարակից փողոցները եւ հրապարակները:

- Իսկ Ազգային ժողովի ներսում ինչպիսի՞ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումները:

- Իսկ ի՞նչ դիրքորոշում են նրանք արտահայտել:

- Միանում են շարժմանը:

- Դա ի՞նչ է նշանակում:

- Քվեարկության առումով ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպե՞լ եք: Ինչ-որ հստակեցում մտցրե՞լ են:

- Հենց դա եմ ասում՝ ես հույս ունեմ, որ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն եւ մինչեւ մայիսի 1-ը՝ այսօր-վաղը, կհայտարարեն՝ ինչպես են իրենք պատրաստվում քվեարկել:

- Պարոն Փաշինյան, ի՞նչ խնդիր է լուծում Կարեն Կարապետյանը՝ չգալով: Ասում է, որ Դուք պայմաններ եք առաջ քաշում, նաև ուղիղ եթերին է դեմ:

 

- Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերի վրա: Եվ եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերի վրա իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ: Ի՞նչ... Մի՞թե մենք այսպիսի իրավիճակ ենք ունենալու հայ-ադրբեջանական բանակցություններում:

armtimse.com