Այսօր' հուլիսի 22-ի առավոտից շարունակվում է «Տրանսպորտային անհնազանդություն» շարժումը' ընդդեմ ուղեվարձի թանկացման: Ակցիայի մասնակիցները երթուղայիններում ու ավտոբուսներում թռուցիկներ են տարածում՝ ուղևորներին բացատրում ու հիմնավորում, թե ինչու պետք է չվճարեն 150 դրամ ուղեվարձը, ապա՝ ցուցադրական 100 դրամ վճարում' կոչ անելով բոլորին հետևել իրենց օրինակին:
Այսպիսի մի խումբ էլ բարձրացավ Նոր Նորքից Մալաթիա-Սեբաստիա ուղեվորվող 40 համարի ավտոբուս: Նրանց' ուղեվորների հետ խոսակցությանը միջամտեց ավտոբուսի վարորդը, ով նույնպես համաձայն չէր թանկացմանը՝ նշելով, իրենց կյանքում դրանից ոչինչ դեպի լավը չի փոխվել:
Վարորդը չցանկացավ խոսել իր աշխատավարձի չափի մասին, բայց ասաց, որ գծատերն ավելացրել է «օրվա պլանը»: «Ինձանից օրական 41 000 դրամ մենակ պլան են ուզում»,- ասաց վարորդը, որպես իր խոսքերի ապացույց ակտիվիստներին ցույց տալով փաստաթուղթը, որի վրա օրվա ամսաթվի դիմաց ֆիքսված էր հենց վարորդի նշած գումարը: 40 համարի վարորդը նաև նշեց, որ մինչև թանկացումն իրենց պլանը ավելի ցածր էր: «Գիտեք ինձ շատ պե՞տք են էդ 50 դրամները: Թե կարծո՞ւմ եք իմ գրպանն եմ դնում»,- ակտիվիստների հետ իր բանավեճը եզրափակեց վարորդը:
Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները, դիմելով ուղևորներին, մեկ անգամ ևս հորդորեցին չվճարել ավելացված 50 դրամ՝ հավելելով. «տեսա՞ք ինչ ասաց վարորդը. Մեր 50 դրամները օլիգարխ-գծատերերին էլ ավելի հարստացնելու համար են»:
Ի դեպ, նշենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման համար քաղաքապետարանի հրապարակած հիմնավորումներում նաև «երթուղու սպասարկման» կետ կա, որտեղ նշված է 16 500 դրամ: Սա, ըստ էության, հենց վարորդի մատնանշած «օրվա պլանն» է: Ստացվում է, որ երթուղին տնօրինողները իրականում ոչ թե վնասով են աշխատում, այլ 3 անգամ ավել շահույթ են ստանում: 

Փաստինֆո