Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին անհայտ անձի կողմից ծեծի ենթարկելու փաստով Ոստիկանության Գյումրիի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծը: Գործով դեռևս կասկածյալ կամ մեղադրյալ չկա, և գործը հարուցվել է ոչ թե որևէ անձի, մասնավորապես՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, դեմ, այլ փաստի առթիվ:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, ավելի վաղ, հետաքննության շրջանակներում նշանակված Սամվել Սարգսյանի դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է՝ այն պետք է կպարզի, թե ինչ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել Ս.Սարգսյանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Ս.Սարգսյանը ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում էր ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաև բացատրություն տվել իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը: Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է, հիշյալ գործով հուլիսի 16-ի դատական նիստից հետո, որին ներկայացել էր վկա Վ. Ղուկասյանը, Ս.Սարգսյանը բռնության էր ենթարկվել:
Հեղինակ:
«Փաստինֆո»