Galatv.am. Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Երեւանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները եւ առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով՝ հայտարարում ենք.
Մենք չենք ընդունում քաղաքապետարանի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշումը:
Այս մասին այսօր Մաշտոցի պուրակում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր արդեն հինգերորդ օրն է պայքարում են քաղաքապետարանի անօրինական որոշման դեմ: Ակտիվիստները հայտարարել են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործել է օրենքի կոպիտ խախտումներով:
«Չեն կազմակերպվել հանրային քննարկումներ եւ որոշման մասին հասարակությանը տեղյակ են պահել միայն որոշման ընդունումից երկու օր առաջ: Սա ըստ էության խոսում է այն մասին, որ նրանք գործել են սեփական շահերի տեսանկյունից եւ գերշահույթ ստանալու ցանկություն ունեն»,- ասել են ակտիվիստները:
Նրանք հրապարակել են նաեւ գծատերերի անուններ, ովքեր կանգնած են այս ամենի ետեւում. « Նեմեց Ռուբո, կաթողիկոս, Գալուստ Սահակյան, Ծաղիկ Ռուբո եւ այլն: Նրանք են կանգնած այս ամենի ետեւում»,- ասել են ակտիվիստները եւ հավելել, որ այս որոշումով Երեւանի քաղաքապետարանը նաեւ խախտել է իր իսկ որդեգրած՝ հանրային մասնակցության եւ բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը: «Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երեւան քաղաքի հանրային ուղեւորափոխադրումների ոլորտը, այն դարձնել արժանապատիվ, մատչելի, որակյալ , անվտանգ եւ քաղաքակիրթ»,- ասել են ակտիվիստները:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ քաղաքացիների սոցիալական ընդվզման դեպքում քաղաքացիներին թողել են միայնակ, ավելին՝ Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը մեկնել են արձակուրդ, ակտիվիստները ասել են. «Մեր խնդիրը քաղաքապետարանի հետ է եւ չենք կարծում, որ եթե նրանք այստեղ լինեին, ինչ-որ բան փոխվեր: Քաղաքական ուժերից շատերը արդեն իսկ հայտարարություն են տարածել եւ դատապարտել տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը փաստը»: Ակտիվիստները հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու: Նրանք բողոքի ակցիաները կշարունակեն ինչպես Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում եւ կանգառներում:
Փայլակ Ֆահրադյան