Lragir.am-ը տեղեկացնում է, որ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Սայաթ-Նովայի 10 եւ 12, Նալբանդյան 25ա եւ Թումանյան 2-րդ նրբանցք 5-րդ շենքերի բնակիչները:
Ակցիան բավական լարված սկսվեց: Կառուցապատողը, ով չնայած բնակիչներին խոստացել էր մինչեւ երկուշաբթի շինարարություն չսկսել նախքան բնակիչների դիմումի քննարկումը, այդուհանդերձ, այսօր սկսել էին ձողեր խփելը:
Դեպքի վայր էին եկել մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ: Բնակիչներն էլ իրենց հերթին պառկել էին ասֆալտին՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու շինարարություն:
Կառուցապատող ընկերությունը՝ Լարկո Գրուպը, գնել է 80 ք/մ մակերեսով կաթսայատունը, որը պատկանում է Սայաթ Նովա 10 շենքին, որն առանց բնակիչներին տեղյակ պահելու վաճառվել է, ինչպես նաեւ հարեւան ավտոտնակը՝ 30 ք/մ մակերեսով: Սակայն կառուցապատողը 110 ք/մ-ի փոխարեն ցանկանում է 230 ք/մ մակերեսի վրա շինարարություն սկսել՝ կառուցելով 6 հարկանի շենք:
Նախեւառաջ, նման մակերեսով շենքը կփակի հարեւան շենքերի լույսը, կխանգարի բնակիչների ավտոմեքենաների տեղաշարժին, խաղալու տեղից կզրկի երեխաներին, ինչպես նաեւ անհնարին կդարձնի հրշեջ եւ շտապ օգնութան մեքենաների մուտքը, հարեւան շենքերից հեռավորությունն էլ կկազմի ընդամենը 5-6 մետր:
Մյուս խնդիրն այն է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ թույլատրված նախագծում դրված կնիքներում ամսաթվի տեղը բաց է, այսինքն, հետագայում իրենց հայեցողությամբ կարող են ցանկացած ամսաթիվ գրել: Փորձագատիկան դրական եզրակացությունն էլ տվել «Էքսպերտ Մեկ» ընկերությունը:
Ի սկզբանե, երբ բնակիչներին ներկայացվեց շենքի նախագիծը, այն պետք է ծառայեր որպես հյուրանոց, բնակիչների խոսքով ասած՝ բարդել: Սակայն բողոքից հետո մեկ շաբաթվա ընթացքում շինարարության նպատակը փոխեցին եւ գրեցին բազմապրոֆիլ շենք:
Կառուցապատողին շինարարության թույլտվություն է տրվել խորհրդային ժամանակվա հատակագծի հիման վրա: Այնինչ ներկայում պակտերն այլ է: Բնակիչները տարիներ առաջ օրինական հիմքերով մի քանի մետր առաջ են տվել շենքը՝ լրացուցիչ բնակելի մակերես ավելացնելով, իսկ Սայաթ Նովա 10 եւ 12 շենքերի մեջտեղում կանաչապատ տարածություն է հայտնվել, որտեղ անհնար է ավտոմեքենաների մուտքը: Կառուցապատողն էլ հին հատակագծի հիման վրա պնդում է, որ ավտոմեքենաները կարող են մտնել հենց այդ հատվածով:
Ավելի ուշ դեպքի վայր են եկել ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ վիճաբանություն է սկսվել: Քաշքշուկից հաջողվել է խուսափել: Ավելի ուշ նրանք հեռացել են: Որոշ ժամանակ անց հեռացել են նաեւ կարմիր բերետավորները եւ տարածքում մի քանի ոստիկան է մնացել:
Դեպքի վայրում են նաեւ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Բնակիչները վճռական են տրամադրված եւ նշում են, որ թույլ չեն տալու շինարարության իրականացումը: Նրանք պատմում են, որ քաղաքապետի ընտրությունից առաջ Տարոն Մարգարյանն խոստացել էր բարեկարգել բակը, խաղահրապարակ կառուցել, սակայն դրա փոխարեն 6 հարկանի շենքի շինարարության թույլտվություն է տվել: