«Արտակ Բուդաղյանն այն ժամանակվանից մինչ այսօր մեր բանակի հպարտությունն է, նա մեր լավագույն հրամանատարներից մեկն է, ավելին՝ նրա ղեկավարած զորամասն այս կիսամյակի տվյալներով լավագույնն է ճանաչվել։ Որևէ խոսք չի կարող լինել նրա ծառայության հետ կապված կամ պարտականությունները չկատարելու։ Նա գրագետ է, բարեխիղճ և բանակում նրա աշխատանքն երևում է»,- Ստեփանակերտում Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ ըստ ձեզ նա կարո՞ղ էր զինված հարձակում գործել, Արցախի պաշտպանության նախարարն արձագանքեց․ «Ես քննությամբ ես չեմ զբաղվում, քննչական մարմինն իր գնահատականը տալու է։ Թող որևէ մեկը չկասկածի, որ այս դեպքի հետ կապված արդարադատություն է լինելու։ Չպետք է կասկածեք։ Այսօր Արտակ Բուդաղյանը գալու է ինձ մոտ՝ զեկուցելու իր առողջության մասին։ Ես կարող եմ ասել, որ նա այս վիճակում էլ իր պարտականությունները կատարում է, բայց որևէ մեկն, այդ թվում զինծառայողները չեն կարող ազատվել պատասխանատվությունից։ Ես վստահ եմ, որ նա կրելու է իր պատասխանատվությունը նաև գործի շրջանակում, եթե նման անհրաժեշտություն լինի և այն կրելու է պատվով։

HayNews.am-ի հակադարձմանը՝ հիմա դուք Արտակ Բուդաղյանի՞ն եք հավատում, թե՞ նախաքննական մարմնին, Մովսես Հակոբյանը պատասխանեց․ «Ես մի քանի անգամ հանդիպել եմ Արտակ Բուդաղյանին, խոսել ենք դեպքի մասին, բայց դա հրապարակման ենթակա չէ»։

Երևան-Ստեփանակերտ Մարիամ Պետրոսյան