Համաներումը կտարածվի նաև Արտակ Բուդաղյանի վրա։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կհրաժարվեն համաներումից.«Այն հոդվածի վրա, որով մեղադրվում է Արտակ Բուդաղյանը, այո տարածվում է համաներումը, սակայն եթե անձը չի ցանկանում, համաներումը չի կարող կիրառվել։ Էս գործը պետք է գնա դատարան, որպեսզի բոլորն իմանան, թե ինչումն է բանը»։

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունահեղության գործով։ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը:

«Ա1+»-ը զրուցեց նաև Արտակ Բուդաղյանի կնոջ՝ Լուսինե Բուդաղյանի հետ, ով նշեց, որ իր ամուսինը խուսափում է այդ թեմայով խոսել. «Էդ թեման իր համար շատ ցավոտ է, ես էլ խուսափում եմ շատ խոսել դրա մասին»,-ասաց Լուսինե Բուդաղյանը։