ԳԱԼԱ-ն հարցում էր ուղարկել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ փորձելով զինդատախազ Գևորգ Կոստանյանից պարզել հետևյալ տեղեկությունները, թե որոնք են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու հիմքերը: Զինդատախազի տեղակալը հարցին պատասխանել է, որ դիմումի քննարկման պահին քրեական գործով նշանակված բազմաթիվ փորձաքննությունների կատարումը ավարտված չի եղել, և միայն դրանց կատարումից բխող քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները օբյեկտիվ ստուգման, վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու արդյունքում հնարավոր կլիներ անդրադառնալ դիմումի պահանջին:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր վճիռը, սակայն զինդատախազությունն այն վարույթ չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ փաստաբանը սխալ տեղում է բողոքարկել այն դեպքում, երբ Հայկ Ալումյանը վստահ է, որ չի սխալվել:
Զինդատախազությունից փորձել ենք պարզել, թե ինչպես է վերջինս մեկնաբանում ստեղծված հակասությունը:
Հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածին՝ զինդատախազությունը բացատրում է, որ անձին դատավարության մասնակից ճանաչելու պահանջին կարող է որպես վերջնական արդյունք տրվել երկու պատասխան՝ այդ պահանջը ընդունելը կամ մերժելը: Այսինքն՝ հետաձգել պահանջը չի նշանակում մերժել այն:
Սակայն ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպես կարելի է բացատրել Հայկ Ալումյանի և զինդատախազության խոսքերի միջև եղած հակասությունը, այնուամենայնիվ պատասխան չի տրվում:
Դրա փոխարեն Զինդատախազությունը ներկայացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածը, որը սահմանում է դատավարական գործողությունների կամ որոշումների բողոքարկման կարգը և կարևորում այն հանգամանքը, թե ով է հանդիսանում այդ լիազորությունների սուբյեկտը և այլն:
Հարցին, թե եթե անգամ Բուդաղյանին որպես գործով տուժող ճանաչելու դիմումի լուծումը հետաձգելու որոշումը Հայկ Ալումյանը սխալ հասցեով է բողոքարկել , հնարավո՞ր չէ նորից Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու դիմում ներկայացնել, Զինդատախազությունը պատասխանում է, որ դատավարության ցանկացած փուլում նման հնարավորություն ունեն և´ դատավարության մասնակիցները, և´ դատավարության մասնակից չհանդիսացող անձինք:
Հարցին, թե ինչպիսի խափանման միջոց է այժմ ընտրված Բուդաղյանի նկատմամբ, և արդյոք այն ենթակա՞ չէ փոփոխության, որին ի պատասխան նամակում նշված է, որ այժմ Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ խափանման միջոցը փոխելու հիմքերը նշված են քրեական դատավարության օրենսգրքի 151 հոդվածում, որի համաձայն'
1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:
2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
3. Կալանավորման եւ գրավի ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել եւ վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում' նաև դատախազի կողմից:
Գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել և վերացվել նաև քննիչի կողմից՝ դատախազի համաձայնությամբ։
4. Կալանավորումը' որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին եւ նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:
ԳԱԼԱ-ն հետաքրքրվել էր նաև, թե արդյո՞ք Սուրեն Խաչատրյանի վերաբերյալ մամուլում եղած հրապարակումներն այն մասին, որ նա եղել է իր տան պատշգամբում և ինքն է կրակել դեպքի օրը, ընդունել է որպես հաղորդում հանցագործության մասին, սակայն Զինդատախազությունը, մեջբերելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, մերժել է տեղեկության տրամադրումը՝ գտնելով, որ դրանում կա նախաքննական գաղտնիք:
Զինդատախազությունը նույն իրավական հիմքով հրաժարվել է հաստատել կամ հերքել մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդու արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ:
Արաքս Մամուլյան