Ավազակության սցենարը կարող էր նաև ֆիլմի սցենար դառնալ: Եղբոր հետ միրգ-բանջարեղենի առևտրում հաջողած անձնավորությունն, այդուհանդերձ, ըստ նրան առաջադրված մեղադրանքի' ընդունել էր «հեշտ փողեր» վաստակելու «առաջարկը» ՝ տարադրամի փոխանակմամբ զբաղվող անձի նկատմամբ ավազակային հարձակմանը մասնակցելու մասին: Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հուլիսի 12-ին կայացրած դատավճռով հաստատված է համարել Մուշեղ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը: Ըստ դրա' 2005 թվականի դեկտեմբերի 13-ին' ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի Սուրմալու տոնավաճառում իր ծանոթից Մ. Առաքելյանը տեղեկացել է, որ Երևան քաղաքի Ավան, Դուրյան թաղամասի բնակիչ Արսեն Հարությունյանը զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ և այդ գործունեության հետ կապված նրա մոտ առկա է գումար: Դատարանը հաստատված է համարել, որ ժամը 17:00-ի սահմաններում նկատելով տուն վերադարձող Արսեն Հարությունյանին' Մուշեղ Առաքելյանն իր հետ սպասող անձանցից մեկի հետ մտել է վերելակ, բարձրացել 3-րդ հարկ, որտեղ վերելակի դռները բացվելուց հետո, Ա.Հարությունյանը, կասկածելով, ցանկացել է դուրս գալ վերելակից, սակայն արդեն իսկ 3-րդ հարկի հարթակում իրենց սպասող մյուս երկուսն ուժի գործադրմամբ ներս են հրել Արսեն Հարությունյանին: Վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրելու սպառնալիքով՝ Մուշեղ Առաքելյանը մյուսների հետ շնչահեղձության աստիճան սեղմել են Արսեն Հարությունյանի պարանոցը, փակել բերանը' սպառնալով սպանել, ձեռքերով հարվածել են վերջինիս դեմքին, գլխին, պահանջել նրա մոտ գտնվող գումարները: Ավազակային հարձակման ընթացքում նրանցից մեկը Արսեն Հարությունյանի բաճկոնի ծոցագրպանից վերցրել է խոշոր չափի' 1 000 000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և հափշտակելուց հետո դեպքի վայրից դիմել են փախուստի: Մուշեղ Առաքելյանը քրեական գործի նախաքննության ընթացքում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարած արարքի համար և տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչպես նաև մասնակցել է քննչական փորձարարությանը' այդկերպ աջակցելով քրեական գործի քննությանը: Դատարանն արձանագրել է նաև, որ Մուշեղ Առաքելյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին անմեղսունակության վիճակում չի գտնվել, ներկա հոգեկան վիճակով նույնպես նա առողջ է, մեղսունակ է ու կարող է հաշիվ տալ իր գործողությունների համար ու ղեկավարել դրանք: Մուշեղ Առաքելյանի նկատմամբ պատժի հետ մեկտեղ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն ու հարկադիր բուժում նշանակելու անհրաժեշտություն չկա: Դատարանը Մուշեղ Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, և դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով' առանց գույքի բռնագրավման: Դատարանը պատժաչափ նշանակելիս հաշվի է առել Մուշեղ Առաքելյանի կողմից առաջադրված մեղադրանքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալու և քննչական փորձարարությանը մասնակցելու միջոցով հանցագործության բացահայտմանն աջակցելը, կատարածի համար զղջալը, նախկինում դատապարտված չլինելը, տուժողին պատճառված վնասը Մուշեղ Առաքելյանի եղբոր կողմից մասամբ փոխհատուցելը, բնակության վայրում ու զինվորական ծառայության ընթացքում դրական բնութագրվելը, ինչպես նաև' բարեգործությամբ զբաղվելն ու հիվանդ հորը խնամելը: Ի դեպ, տուժողը հաշտվել է Մուշեղ Առաքելյանի հետ' Դատարանին խնդրելով մեղմ պատիժ նշանակել նրա նկատմամբ: Նշենք, որ վարույթն իրականացնող մարմնի՝ 2012 թվականի մարտի 7-ի որոշմամբ՝ այս քրեական գործից անջատվել է Արսեն Նալչադյանի, ոմն Կարենի և Էդոյի (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով) քրեական գործի մասը: