Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության թեստի գումարը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։

Նա նշեց, որ աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը․ «Այսինքն՝ «իր հաշվին» ձևակերպումը կանխորոշել է բացառապես հստակ շրջանակ աշխատողների համար, այժմ  ՍԴ-ն ասում է, որ  մի դրեք այդ  սահմանափակումն անձի վրա, որ ինքը իր հաշվին իրականացնի, կարող է իրականացնել ցանկացած այլ անձի հաշվին, ով կամային մոտեցմամբ կտա իր համաձայնությունը վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության գումարը, դա սեփական ցանկությամբ է և կարող է լինել նույնիսկ գործատուն, եթե նա նման ցանկություն հայտնի: Սա է եղել ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի համապատասխան դրույթի բովանդակությունը»,- ասաց Մկրտումյանը:

 
 

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին։ Այս առնչությամբ նախարարությունը պարզաբանել էր․ «Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»։ Պարզաաբանմամբ հանդես եկավ նաև ՀՀ կառավարությունը՝ նշելով, որ ՍԴ որոշումը ամենևին չի վերացնում աշխատողների՝ ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը և չպատվաստված աշխատողները պարտավոր են պատվաստվել։

Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների և թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը: Ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Սոնա Հարությունյան