Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ' կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշման հետ, որով պաշտոնական Անկարան պարտավորվել է 90 միլիոն եվրո փոխհատուցում վճարել կիպրահույներին: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարարության մեջ նշվում է. «Այս որոշումը Կիպրոսի իրականությանը դեմ է, սխալ ու անհետևողական, զուրկ է իրավական հիմքից և գործնականում անկիրառելի: Դատարանի' իրավական հիմքից զուրկ և նոր իրավական սխալ ձևավորող այս որոշումը չի կարող ստիպել Թուրքիային հրաժարվել այն դիրքորոշումից, որն ունի կիպրական խնդրի արդար և կայուն բանակցային գործընթացում»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), որտեղ մայիսի 12-ին լսվում էր 1974 թ. Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության տարածքի մեկ երրորդ մասը բռնազավթելու հարցը, Անկարային պարտադրել է 90 մլն եվրո փոխհատուցում վճարել կիպրահույներին: Այդ գումարի 30 մլն եվրո մասը պետք է ուղղվի բռնազավթման ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած ընտանիքների բարոյական վնասի փոխհատուցմանը, իսկ 60 մլն եվրոն պետք է փոխանցվի կղզու թուրքական մասում' Քարփազ թերակղզում բնակվող հույներին: 1974 թ. ռազմական գործողությունների ժամանակ Կիպրոսում անհայտ կորեÕ ¬ է 1491 հույն քաղաքացի, 211 հույն քաղաքացի էլ տեղահանվել է:
Կիպրոսի Հանրապետությունը 1974 թ. բռնազավթման համար Թուրքիայի դեմ փոխհատուցման հայց վերջին անգամ ներկայացրել էր 1994 թ. նոյեմբերի 22-ին: Այսպիսով, Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կանգնել է ուրիշի տարածքը բռնազավթելու համար փոխհատուցում կատարելու փաստի առաջ: Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիայի դեմ կղզու մի մասի բռնազավթման հարցով երեք միջպետական դատական գործ էր բացել նաեւ 1974, 1975 եւ 1977 թվականներին, սակայն այդ դատական գործերն ավարտվել էին առանց փոխհատուցման վճիռների: