Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը, որով Անկարան պարտավոր է 90 մլն եվրո փոխհատուցում վճարել կիպրահույներին: 

 

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ իրենք չեն ընդունում ՄԻԵԴ կայացրած որոշումը, հետևաբար, նաև չեն վճարելու նախատեսված փոխհատուցումը: Ավելի վաղ եվրոպական դատարանի որոշումը քննադատող հայտարարություն էր տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), որտեղ մայիսի 12-ին լսվում էր 1974թ. Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության տարածքի մեկ երրորդ մասը բռնազավթելու հարցը, Անկարային պարտադրել է 90 մլն եվրո փոխհատուցում վճարել կիպրահույներին: Այդ գումարի 30 մլն եվրո մասը պետք է ուղղվի բռնազավթման ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած ընտանիքների բարոյական վնասի փոխհատուցմանը, իսկ 60 մլն եվրոն պետք է փոխանցվի կղզու թուրքական մասում' Քարփազ թերակղզում բնակվող հույներին: 1974թ. ռազմական գործողությունների ժամանակ Կիպրոսում անհայտ կորել է 1491 հույն քաղաքացի, 211 հույն քաղաքացի էլ տեղահանվել է:

 

Կիպրոսի Հանրապետությունը 1974 թ. բռնազավթման համար Թուրքիայի դեմ փոխհատուցման հայց վերջին անգամ ներկայացրել էր 1994 թ. նոյեմբերի 22-ին: Այսպիսով, Թուրքիան պատմության ընթացքում առաջին անգամ կանգնել է ուրիշի տարածքը բռնազավթելու համար փոխհատուցում կատարելու փաստի առաջ: Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիայի դեմ կղզու մի մասի բռնազավթման հարցով երեք միջպետական դատական գործ էր բացել նաեւ 1974, 1975 եւ 1977 թվականներին, սակայն այդ դատական գործերն ավա րտվել էին առանց փոխհատուցման վճիռների: