ՀՀ կառավարության՝ ապրիլի 27-ի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրված ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:

 

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Աշխատանքի իրավունքի պաշտպանի հաշտարարի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ:

 

Խոսելով գործատու-աշխատող հարաբերությունների մասին, մասնագետը նշեց՝ այս երկու անձանց նպատակը եկամուտ ստանալն է. «Հանդես գալով տարբեր դիրքերից՝ մեկը փորձում է շահագործել և քիչ վճարել, մյուսը փորձում է քիչ շահագործվել և շատ վճարվել: Այս «հակամարտության» մեջ նոր խնդիրներ են առաջանում և արդյունքում սոցիալական գործընկերության մեջ ամենաշատ տուժողը հասարակ, միջին վարձու աշխատողն է»,- ասաց նա:

 

Արթուր Սարգսյանն ընդգծեց՝ Աշխատանքային օրենսգրքում հարկավոր է արմատական փոփոխություններ անել. այնտեղ անհասկանալի իրավիճակ է տիրում. «Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ շաբաթական 40 ժամ աշխատողը հինգօրյա աշխատանքային շաբաթում աշխատելու դեպքում տարվա ընթացքում ձեռք է բերում 20 աշխատանքային օրվա արձակուրդ, սակայն օրական 1 ժամ աշխատողը նույնպես ձեռք է բերում տարվա ընթացքում 20 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ»,- ասաց նա՝ ավելացնելով՝ եթե մարդն օրական 8 ժամ աշխատելով՝ տարվա ընթացքում ձեռք է բերում մեկ տարվա աշխատանքային ստաժ, մեկ ուրիշը՝ օրական մեկ ժամ աշխատելու դեպքում ևս ձեռք է բերում մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

Դիտարկմանը՝ արդյո՞ք փոփոխությունների դեպքում Աշխատանքային օրենսգիրքը վարչապետի նշած եվրոպական չափանիշներին կհամապատասխանի, և այս դեպքում աշխատավարձի չափը և աշխատանքային ժամերը ևս կհամապատասխանեն այդ չափանիշներին, Սարգսյանը պատասխանեց. «Դա պարզ կլինի քննարկումների արդյունքում: Ես այդքան էլ հակված չեմ եվրոպական աշխատաշուկայի ուղղությամբ գնալուն, ավելի շատ հակված եմ ամերիկյան աշխատաշուկային: Ես կողմնակից եմ ավելի օպտիմալ աշխատաշուկայի, երբ աշխատանքային հարաբերությունները տեղի են ունենում շատ արագ և կարճ ժամանակում դադարում են: Եվրոպան մտածում է մարդու մասին, իսկ անգլոսաքսոնական երկրները՝ մարդու աշխատանքային իրավունքների մասին: Եվրոպական աշխատաշուկայում ամեն բան ձգձգվում է և գործատուին դարձնում է աշխատողի թշնամին»,- նշեց նա՝ հավելելով՝ երբ գործատուն որոշ ժամանակ առաջ աշխատողին տեղեկացնում է աշխատանքից ազատելու մասին՝ ազդում է ոչ միայն նրա հոգեվիճակի, այլև իրենց հարաբերությունների վրա և այստեղ աշխատողին մի հարց է հուզում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ ինքը ազատվեց աշխատանքից, այլ ոչ թե մյուսը:

 

Արթուր Սարգսյանի խոսքով՝ պետք է վերափոխել ամսական միջին աշխատավարձի շուկան և այսօր տնտեսության և հասարակաության խնդիրը նվազագույն աշխատավարձը բարձրացնելն է. «Եթե նվազագույն աշխատավարձը բարձրացվի, միջինը ևս կբարձրանա: 55.000 դրամ աշխատավարձ ստացողները հիմնականում պետական ոլորտում աշխատողներն են, մյուս տեղերում գրում են 55.000 դրամ, բայց ավել վարձատրում: Երբ այս ամենը բերենք սպիտակ դաշտ, ընդհանուր աշխատավարձերի չափերը կբարձրանան: Այսպիսի նեգատիվ երևույթների, իհարկե, բերում է մրցակցային շուկայի բացակայությունը»,- եզրափակեց մասնագետը:

 

Սոնա Հարությունյան