ՀՅԴ Երեւանի կոմիտեի անդամները քիչ առաջ Կառավարություն ներկայացրեցին թեստավորման կամ էլ դրանից հրաժարվելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտություն անելու վերաբերյալ իրենց առաջարկը։
«Մենք կոնկրետ առաջարկով եկել ենք այստեղ, քանի որ մեկ շաբաթվա մեջ մարդիկ այդպես էլ չհասկացան՝ ինչ կարելի է անել, որ շահի թե՛ գործատուն, թե՛ աշխատողը, թե՛ պետությունը։ Մեր առաջարկը խրախուսող է եւ կարծում ենք, որ հարցը կլուծվի: Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ մենք ներկայացրինք, որ պետությունը մինչ այս պահը պատժիչ գործողություններ է կատարել։ Կառավարությունն ասում է ՝ հոկտեմբերի 14-ից գալու ենք ստուգենք, եթե աշխատողը թեստավորված չի, աշխատողին էլ ենք տուգանելու, գործատուին էլ։ Այսինքն՝ պետությունը խնդիրը թողել է գործատուի և աշխատողի վրա ու քաշվել է մի կողմ։ Մենք առաջարկում ենք՝ գործատուն վճարի գրանցված աշխատողների թետավորման գումարը, պետությունը գործատուին փոխհատուցի եկամտահարկից։ Շահում են բոլորը, թե՛ գործատուն, որովհետև գործատուն ստիպված չի լինելու արհեստականորեն հանի գրանցված աշխատողին, որպեսզի խնդրից ձերբազատվի, ավելին ուրախ կլինի չգրանցված աշխատողին գրանցի։ Պետությունը շահում է նրանում, որ աշխատողները չեն ազատվի գործից, իսկ աշխատողն էլ իր գրպանից թեստավորման գումար չի վճարի»,– ասաց կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը հավանության է արժանացրել նրանց առաջարկը և հորդորել, որ գրավոր առաջարկ ներկայացնեն, որպեսզի համապատասխան մարմիններն ուսումնասիրեն առաջարկը: