Շվեյցարիայում իրար են բախվել երկու մարդատար գնացք: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքվով զոհվել է շարժակազմերից մեկի մեքենավարը և վիրավորվել՝ 26 ուղևոր, հաղորդում է «Reuters»-ը:
Վթարը տեղի է ունեցել Վո կանտոնում: Ընդհանուր առմամբ երկու գնացքներում եղել է 46 ուղևոր: Շարժակազմերից մեկն ուղևորվելիս է եղել Լոզան, մյուսը՝ Պեյերն:
Լրատվական գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ժան-Քրիստոֆ Սոտերալին, նշում է, որ առայժմ դեռ վաղ է խոսել վթարի պատճառների մասին:
Շվեյցարիայում տեղի ունեցած այս վթարը վերջին 7 օրերի ընթացքում 3-րդ աղետալի դեպքն է Եվրոպայի տրանսպորտային համակարգում: Ընդամենը մեկ օր առաջ Իտալիայում 39 մարդ զոհվեց ավտոբուսի ձորն ընկնելու պատճառով, իսկ անցած չորեքշաբթի, Իսպանիայում պատահած մեկ այլ երկաթուղային վթարի հետևանքով, զոհվեց 79 ուղևոր: